![]()
Ֆրանսիական TF1 լրատվամիջոցի հետաքննական թիմը բացահայտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված ապատեղեկատվական արշավը, որը կապվում է ռուսական քարոզչական ցանցերի հետ։
Մայիսի 29-ին առցանց տարածվեց տեղեկատվություն, թե իբր Հայաստանի վարչապետը յուրացրել է Ֆրանսիայի կողմից տրամադրված 3.1 միլիոն եվրո օգնությունը՝ Մարսելում շքեղ առանձնատուն գնելու համար։ Այս հրապարակումը ավելի քան 460,000 դիտում է հավաքել սոցիալական ցանցերում, սակայն TF1-ի «Ստուգաբանների» թիմի հետաքննությունը ցույց է տալիս, որ այն ամբողջովին կեղծ է։
«Լուրի» համաձայն, Փաշինյանն իբր 2025թ. մայիսին Մարսելի Շատո Գոմբեր թաղամասում գնել է երկհարկանի առանձնատուն՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրված զարգացման օգնության միջոցներից։
TF1-ի հետաքննողները կապվել են վաճառքը կատարած անշարժ գույքի գործակալության հետ, որն այս լուրը բնութագրել է որպես «ամբողջովին անհիմն»։ Փաստացի, տեսանյութում երևացող առանձնատունը վաճառվել է դեռևս 2020թ. օգոստոսին՝ այս կեղծ լուրի տարածումից հինգ տարի առաջ։
Ավելին, անշարժ գույքի գործակալության տնօրենը պարզաբանել է, որ Ֆրանսիայում գործում են խիստ ֆինանսական վերահսկողության մեխանիզմներ, և նման մակարդակի քաղաքական գործչի գնման գործարքը հնարավոր չէր լինի թաքցնել։
Ապատեղեկատվությունը սկիզբ է առել կեղծ «info française du jour» կայքից, որի հոդվածները, ըստ AI հայտնաբերման գործիքների, ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։ Կայքի հեղինակը՝ «Ժոզիան Բերնիե» անունով իբր «լրագրողը», իրականում գոյություն չունի։
Լուրն արագորեն տարածվել է X (նախկին Twitter) հարթակում՝ թրամփամետ «MAGA» շարժման հետ կապվող հաշվի միջոցով, որը նախկինում նույնպես ներգրավված է եղել Storm-1516 ցանցի կեղծ լուրեր տարածելու մեջ։ Այս ցանցը, ըստ ֆրանսիական Viginum ծառայության զեկույցի, կապված է ռուսական կառավարության հետ։
TF1-ը նշում է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել, և Երևանի՝ Եվրոպական Միությանը մոտենալու փորձերի պայմաններում, հայկական կառավարությունը դարձել է ապատեղեկատվական արշավների թիրախ։
«Թեև այս պահին տեխնիկական ապացույցներ չկան, որ այս կեղծ լուրը կապված է ռուսամետ դերակատարների հետ, սակայն այս ապատեղեկատվության ծագումը և տարածման մեթոդաբանությունը կրում են Մոսկվայից իրականացվող արշավի բոլոր հատկանիշները՝ միտված վարկաբեկելու թե՛ Ֆրանսիան, թե՛ Հայաստանը», — եզրակացնում է հրապարակումը։
![]()