Հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, կդառնաք քաղաքական բոմժեր, գողին բարերար մի՛ անվանեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Դուք մեզ մեղադրում եք ոչ թե նրա համար, որ մարդիկ զոհվում էին, այլ նրա համար, որ հիմա մարդիկ չեն զոհվում, որովհետև երբ նրանք զոհվում էին, դուք միլիարդատեր էիք դառնում։ Հաց էիք գողանում, այդ թվում՝ բոլորդ»:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ զոհերի մասին հարցին ու անդրադառնալով նաև կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին:

Վարչապետն ասել է, որ հենց Կարապետյանն է «զորամասերից, մանկապարտեզներից էլեկտրաէներգիա գողացել»:

«64 միլիարդի գողը ազգային բարերա՞ր է։ Եվ որտե՞ղ է նա հիմա»,- ասել է Փաշինյանը։

Այնուհետև վարչապետը հարց է ուղղել ընդդիմությանը, թե ուր են կորել ԱԺ-ի իրենց սեղաններին եղած Ղարաբաղի դրոշները։

«Կովսականի մասին էիք խոսում և այլն։ Ինչո՞ւ եք լռում։ Հիմա ո՞վ է դավաճանը՝ մե՞նք, թե՞ դուք։ Դուք գողեր եք, դրոշ եք գողանում։ Որտե՞ղ են ձեր դրոշները։ Դավաճաննե՛ր։ Դուք դավաճաններ եք։ Ձեզնից ոչ ոք չի ասել, որ փոխում եք քաղաքականությունը։ Տիկին Արեգա՛ Հովսեփյան, որտե՞ղ են Ղարաբաղի դրոշները»,- վրդովվել է Փաշինյանը:

Արեգա Հովսեփյանը, ի պատասխան, ցույց է տվել իր պիջակին ամրացված դրոշի տեսքով բրոշը:

Փաշինյանն էլ արձագանքել է, որ տեսնելու համար հեռադիտակ ու մանրադիտակ են պետք:

«Դուք դավաճանել եք և գողին բարերար մի՛ անվանեք։ Մի՛ փորձեք զորամասերի էլեկտրաէներգիան գողացողին բարերար անվանել։ Գողացված ամեն կոպեկը ձեր կոկորդին է կանգնելու»,- շարունակել է վարչապետը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ