![]()
«Ընդդիմությունը ներքաղաքական դիսկուրսում ամենամեծ նյարդը առաջացնելու համար անընդհատ խոսում է Ադրբեջանի մասին, Թուրքիայի մասին, տալիս է Ադրբեջանի նախագահի անունը, Թուրքիայի նախագահի անունը»:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեծ հաշվով սա բնական երևույթ պետք է համարել, որովհետև սա արտահայտում է Հայաստանի նախկին միտքը, որի մեջ նաև մենք ենք եղել։ Երբ մենք խոսել ենք խաղաղության մասին, խոսել ենք, պայմանական ասած, հեռավոր ինչ-որ երկրների հետ, այսինքն՝ մենք խաղաղության մասին քննարկել ենք բոլոր երկրների հետ՝ բացի այն սուբյեկտի հետ, որի հետ պետք է խաղաղություն հաստատենք։
Ինքը մեր պրոցեսներից դուրս է եղել, իր հետ նույնիսկ շփվելը եղել է պրոբլեմ։
Մենք միշտ օտարերկրյա այցերից վերադարձել ենք ու ասել ենք՝ ժողովո՛ւրդ ջան, մենք ունենք լավ նորություն, հաստատել ենք տևական և անշրջելի խաղաղություն, բայց Ավստրալիայի հետ, Բրազիլիայի հետ, Արգենտինայի հետ։
Մենք բաց ենք թողել մի կարևոր նյուանս, որ մեր խնդիրը խաղաղություն հաստատելն է մեր միջավայրի հետ՝ Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ։ Ու հիմա քանի որ մեր ավանդույթի մեջ, մտածողության մեջ դա չկա, ասում են՝ արա, գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած, փոխանակ գնաք նրանց հետ խաղաղություն հաստատեք, հլը սրանց խելքին աշեցեք, արա, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա կոչ է արել չտրվել գայթակղությանը և չհավատալ մեղադրանքներին:
«Մենք հիմա այստե՞ղ ենք ապրում, թե՞ Ավստրալիայում։ Գիտեք, չէ՞, Խորհրդային միության ժամանակ այդպիսի բան է եղել, ասել են՝ դիմենք, որ մեզ Ավստրալիայում մի կտոր հող տան, ի վերջո, գնանք այնտեղ խաղաղ ապրենք, որովհետև այստեղ խաղաղ ապրելը մեր ավանդույթի մեջ չի, դա խելամիտ չի, դա երաշխավորված չի։
Մենք, այո, խոսում ենք, աշխատում ենք, բանակցում ենք, քննարկում ենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մեր հարևանների հետ առաջին հերթին, որովհետև խաղաղությունը իրենց հետ պետք է հաստատենք։ Ոչ մի մեծ տաղանդ պետք չի գնալ և, ասենք, Նոր Զելանդիայի հետ անշրջելի և տևական խաղաղություն հաստատելու համար»,- եզրափակել է վարչապետը:
![]()