![]()
Հաշված օրերի ընթացքում կհրապարակվի Սահմանադրության նախագիծը, ձևաչափի մասին լրացուցիչ տեղեկություններ կլինեն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում, հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
«Թույլ տվեք կոնկրետ օր չասեմ, որ հանկարծ չսխալվեմ», – ասաց նա։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նշվել է, որ վարչապետի լիազորությունները սահմանափակվում են, խորհրդարանինը՝ ընդլայնվում, Ալեքսանյանը տվեց դրական պատասխան՝ նշելով, որ նախագծով ընդդիմությանը նաև լրացուցիչ լիազորություններ են տրամադրվում։
«Շատ բան կա, ու դրա մասին, վստահ եմ, առաջիկայում շատ երկար խոսելու հնարավորություն կունենաք։ Կարծում եմ՝ նախ տեքստը պետք է ներկայացնենք հանրությանը, լինեն հանրային քննարկումներ՝ կապված տեքստի հետ, հետո տեքստը պետք է գա Ազգային ժողով», – ասաց ԱԺ փոխնախագահը։
Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարությանը, թե կողմ չեն քվեարկելու նախագծին, քանի որ Անկախության հռչակագրին հղում չի լինելու, Ալեքսանյանը նշեց՝ սա սահմանադրական փոփոխություններ չէ, այլ նոր Սահմանադրություն, որտեղ այն պարզապես չի ներառվում։
«Հիմա եթե ընդդիմությունը դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ պետք է մեզ բացատրի, որ մեր Սահմանադրության մեջ պետք է հղում արվի ՀՀ-ի և ԼՂ-ի միավորման մասին Գերագույն խորհրդի որոշմանը, ապա օկ, պատրաստ ենք նաև դա քննարկել ու լսել նրանց ռացիոնալ արգումենտացիան», – նշեց նա։
Լրագրողներից մեկի հարցին, թե եթե հղումը լինի, արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնելու Ադրբեջանին, Ալեքսանյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ դա տարածքային պահանջ է, այդ ձևակերպումն ինքնին տարածքային պահանջ է, ուրիշ բան, որ Սահմանադրության մեջ դա ուղիղ տեքստով գրված չէ, և ՍԴ-ն դրա հետ կապված որոշում ունի։ Ի՞նչ իմաստ ունի Սահմանադրության մեջ գրել ոչ մի բան չնշանակող արտահայտություն»։
Դիտարկմանը, թե Ադրբեջանի Սահմանադրության մեջ էլ կա տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, ԱԺ նախագահի տեղակալը պարզաբանեց․ «Խաղաղության համաձայնագրում հստակ գրված է հետևյալը՝ կողմերը չեն կարող, հղում անելով սեփական օրենսդրությանը, այդ թվում՝ Սահմանադրությանը, չկատարել սույն համաձայնագրի կետերը, այսինքն՝ խաղաղության համաձայնագիրն ունի ավելի բարձր օրենսդրական ուժ այդ երկրներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, քան իրենց օրենսդրությունն է, այդ թվում՝ Սահմանադրությունը»։
![]()