9 ամսում ավտովթարի հետևանքով մահացել է 12 անչափահաս, վիրավորվել՝ 700․ որքան է գործող տուգանքը առանց քարսիթի մեքենա վարելու և որքան կավելանա

2026 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում մինչև 18 տարեկանների մասնակցությամբ ավտովթարների և պատահարների հետևանքով արձանագրվել է 12 մահվան դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև նույն տարիքային խմբի 700 վիրավորման դեպք: Այս մասին Zarkerak.am-ին տեղեկացրեցին ՀՀ Ներքին գործերի նախարարությունից:

Նախորդող երկու տարիների համեմատ պատկերը փոքր-ինչ այլ է: 2024 թվականին արձանագրված ավտովթարների արդյուքնում արձանագրվել է 19 մահվան և 629 վիրավորման դեպք: 2025 թվականին՝ 21 մահվան և 928 վիրավորման դեպք:

Նախարարությունից նաև նշում են, որ ոստիկանության պարեկային ծառայության համապատասխան ծառայողների կողմից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար 2026 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը կազմվել են 10844 արձանագրություններ և համապատասխան որոշումներ: 2024 թվականին կազմված արձանագրությունների թիվը եղել է 5451, իսկ 2025 թվականին՝ 11198:

Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելու դեպքում սահմանվում է 5000 դրամ տուգանք, ինչը տարածվում է նաև քարսիթ չունենալու վրա:

Հիշեցնենք, որ նոյմբերի 18-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներում խստացումներ իրականացնելու նախագիծը: Ի թիվս այլ առաջարկների նախագծով նախատեսվում է նաև խստացնել մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար սահմանված տուգանքները՝ այն 5000 դրամից դարձնելով 20000 դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ