![]()
«Մեծ հաշվով նորություն չկա։ Միակ նորությունն այն է, որ այն, ինչ նախկինում խոսվել, ասվել, քննարկվել է, այդ ուղղություններով առաջ ենք շարժվում։
Պետք է իրականացնենք քայլ առ քայլ այն, ինչի մասին նախորդիվ խոսել եմ, մասնավորապես Բիշքեկի հանդիպումից հետո»:
Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանի հարցին, թե սահմանազատման և սահմանագծման գործընթացի և խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում ինչ նորություն կա ադրբեջանական կողմի հետ վերջին օրերի հանդիպումներից հետո։
«Նաև ԹՐԻՓՓ նախագծի իրագործման գործնական փուլ ենք մտնում, և գործնական փուլի կարևոր հանգրվան է լինելու, մասնավորապես հարավային հատվածում սահմանային այնքան տարածքների երկարության սահմանազատումը և սահմանագծումը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային կոմունիկացիաներ՝ խողովակաշար, երկաթուղի, ճանապարհ, կառուցելու համար, և մնացածը, ինչ նախկինում ասվել է։
Առանձնահատկությունն այն է, որ պարզապես Դուբլինի հանդիպման ընթացքում մենք վերահաստատել ենք այն, ինչի շուրջ նախկինում նախնական պայմանավորվածություն էինք ձեռք բերել։ Այդ հարցով նորություն չկա, որովհետև նախկինում ես ամբողջ տրամաբանությունը ներկայացրել եմ նախնական համաձայնությունների ժանրով։ Հիմա կարող եմ ասել, որ այդ համաձայնությունները վերահաստատվել են։
Հետագա աշխատանքն արդեն սահմանազատման հանձնաժողովների տիրույթում է։ Նրանք կաշխատեն և քաղաքական բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործեն»,- ասել է նա։
![]()