«Ռուսաստանը դեմ է լինելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորմանը». Ստյոպա Սաֆարյան

Վաշինգտոնում եռակողմ բանակցությունները երեկ ավարտվեցին։ Փաստաթուղթ, սակայն, այդպես էլ չստորագրվեց։ Հայկական և ադրբեջանական կողմերը արձանագրեցին, որ բանակցությունների ավարտին փոխըմբռնման առաջընթաց է գրանցվել՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Բլինքենն ավելի լավատեսական հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով․ «Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և մեր
գործընկերների դրած հիմքը ցույց են տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք [խաղաղության] համաձայնության հասնելուն: Ցանկացած
մարաթոնի վերջին հատվածը միշտ ամենադժվարն է: Մենք դա գիտենք»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը չկարողացավ նշել, թե ինչ հիմքով է Բլինքենի հայտարարությունը այդքան լավատեսական։ Հակամարտող կողմերն էլ «ժլատ» հայտարարություններ են արել, հետևաբար դժվար է ասել, թե ինչ է տեղի ունեցել փակ դռների հետևում։ Միաժամանակ, Սաֆարյանի համար ակնհայտ է, որ քննարկումները տեղի են ունեցել լայն թիմերով, ինչը նշանակում է, որ բավական մեծ աշխատանք է իրականացվել։

Սաֆարյանի կարծիքով՝ հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման համար նախատեսված կլինի ԵՄ մասնակցությամբ երկու կողմերի միջև որոշակի պայմանավորվածությունների հրապարակայնացում կամ հայտարարության ընդունում։

Որքանո՞վ է ամերիկյան կողմը շահագրգռված, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն և ի՞նչ կանի արդյունքի հասնելու համար։

Ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ի ակնկալիքն է, որ միջնորդական ջանքերով կկարողանա վերադառնալ բանակցային գործընթաց, ընդ որում՝ դա կլինի առանց Ռուսաստանի։ «Դրա համար, անշուշտ, պետք է որ փաստաթուղթ ստորագրվի։ Առանց դրա իր մասնակցությունը կարող է շատ էպիզոդիկ լինել։ Դրա համար իրեն պետք է շահերի համընկնում։ Պետք է ասել, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի կողմից իրավիճակի հանգուցալուծման բազմաթիվ հարցեր ավելի նույնական են ամերիկյանի հետ», — ասաց Ստյոպա Սաֆարյանը և հավելեց, որ դա է պատճառը, որ Ադրբեջանը խուսափում է արևմտյան հարթակից։

Արևմտյան հարթակում, ըստ Սաֆարյանի, այնպիսի մրցանակներ, ինչպիսին Ադրբեջանին է տալիս ռուսական կողմը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու տեսքով, չկան։

«Ադրբեջանը, ամենաթարմ օրինակով, տեսնում է, որ ռուսական դաշտում ստանում է անցակետ, Փարուխ, Քարակերտ, հետևաբար՝ Վաշինգտոնում ընդամենը ցույց է տալիս կառուցողականություն և չի գալիս որևէ համաձայնության», — նշեց Ստյոպա Սաֆարյանը։

Չեխիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա։ Մինչ այդ էլ լուրեր կային, որ ՌԴ-ում ևս սպասվում է եռակողմ հանդիպում։ Ի՞նչ կարելի է սպասել այնտեղի քննարկումից՝ արդեն երկրի ղեկավարների մակարդակով։ Ըստ Սաֆարյանի, Մոսկվայի համար նպատակահարմար չէ, որ կոնֆլիկտը լուծվի։ Հիշեցնելով Սոչիի եռակողմ հանդիպումը, որտեղ ռուսական կողմը չկարողացավ առաջ տանել իր առաջարկները, քանի որ Ադրբեջանը չհամաձայնեց՝ ասաց․ «մի կողմից Ռուսաստանը չի կարող այսպիսի համաձայնություն ընդունել, որովհետև դրան Ադրբեջանը չի համաձայնելու, իսկ համալիր կարգավորման Ռուսաստանը կողմ չի լինելու։ Կարծում եմ՝ Մոսկվան անցած տարի Լաչինի միջանցքի արգելափակումից հետո մեկ նպատակ ուներ՝ վերաբանակցել նոյեմբերի 9-ի համաձայնությունը, ՀՀ տարածքում ևս ստեղծել ռուսական վերահսկողության գոտի կամ միջանցք, և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե ստանձնել այդ տարածքում ինքնիշխան վերահսկողության իրավունք՝ Նախիջևանից մինչև Ստեփանակերտ», — ասաց Սաֆարյանն ու ավելացրեց, որ միևնույն ժամանակ Ռուսաստանը չի կարող Հայաստանից անձամբ պահանջել միջանցք, հայկական կողմն էլ բացահայտորեն հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինքը չի վերաբանակցելու, հետևաբար՝ Մոսկվան, ըստ Սաֆարյանի, առանձնապես բան էլ չի կարող անել․ ռուսական կողմի խաղի դաշտը խիստ նեղացել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ