Բագրատ Սրբազանի ապազգային հայտարարությունները․ Կրեմլից հրահանգ կա՝ փորձել կրկին

Այն, որ հանրությունն անընդունելի է համարում Հայ Առաքելական Եկեղեցու ցանկացած միջամտություն քաղաքական գործընթացներին՝ հստակ երևում է թե՜ մեր իրականացրած հարցումներից, թե՜ այս օրերին Տավուշում ընթացող պրոցեսներից, որտեղ քաղաքացիների մի մասը անկեղծորեն որոշակի մտահոգություններ ունենալով սահմանազատման գործընթացի վերաբերյալ, այնուամենայնիվ մերժում է նեղ խմբային և օտար շահեր սպասարկողների քաղաքական օրակարգերը։

Մայր Աթոռը, մի կողմ թողնելով եկեղեցու՝ ժողովրդին միաբանելու առաքելությունը, ճիշտ հակառակ գործընթացն է սկսել՝ սերմանելով պառակտություն, թշնամանք։ Դիտարկենք Բագրատ Սրբազանի գործողություններն ու հայտարարությունները, որոնք, կարելի է ասել, հատել են բոլոր կարմիր գծերը՝ փորձելով ավելի հեռուն գնալ։

Վերջինս հայտարարել է, թե «հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին»։ Վերոնշյալ հոգևորականին իրազեկենք մեր մայր օրենքի սահմանումները.

Նախ՝ ՀՀ սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է հետեւյալը՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Ուշադրություն՝ այստեղ «հոգևոր» բառը չեք գտնի, այսինքն՝ «հոգևոր Հայաստան» տերմինը հակոտնյա է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքին, որն արտահայտվել է դեռ 1995թ.-ին, ու հետագայում էլ այդ կետը փոփոխությունների չի ենթարկվել։

Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա նույնպես, ՀՀ սահմանադրության հիմնարար կետերից է, ինչը ենթադրում է, որ տարբեր խմբեր, եւ այս դեպքում եկեղեցին, չի կարող երկրի կառավարման ղեկը վերցնել իր ձեռքը, որովհետեւ «հոգեւոր Հայաստան»-ը հենց դա է ենթադրում՝ կառավարում խմբի՝ եկեղեցականների կողմից։

Զարմանալի է, բայց ցավոք հոգեւորականներին, այդ թվում Բագրատ Սրբազանին կարիք կա նաեւ հիշեցնել մարդկանց հավասարության մասին (հոդված 3.1 Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է), որն այս օրերին զբաղված է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքի եւ խտրականության տարածմամբ՝ համեմված մեր պետության թշնամիներին ձեռնտու խոսույթով։

Եվ ամենակարևորը՝ հոդված 17.2․ Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Սա ՀՀ Սահմանադրության առանցքային դրույթներից է, որն առանց այլևայլությունների բացառում է ՀԱԵ կամ այլ կրոնական կազմակերպության մասնակցությունը պետության կառավարմանը։ Իսկ արդեն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված են կրոնական կազմակերպությունների այն իրավունքները, որոնք կարող են իրացվել կրոնական կազմակերպությունների կողմից իրենց հոգևոր-կրոնական գործունեության ընթացքում․ եւ այդտեղ խոսք անգամ չկա, որ ինչ-որ իրավիճակներում ՀԱԵ-ն կարող է միջամտել պետության գործունությանը։

Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության համար այս պատմական փուլում ինչով է բացատրվում Հայ Առաքելական Եկեղեցու ակտիվությունը, ինչ են ասում նրանք և ում շահերն են սպասարկում

Նախ՝ իրենց սպասարկող (ընդդիմադիր) լրատվամիջոցների միջոցով եկեղեցու ներկայացուցիչները և նրանց աջակիցները փորձեցին ստահոդ լուրեր տարածել, թե իբր Ադրբեջանին է հանձնվում 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, երբ իրականում եկեղեցուց այն կողմ՝ իրականացվում էին ականազերծման աշխատանքներ, որպեսզի հետագայում ՀՀ ԱԱԾ սահմանապահները անխոչընդոտ օգտագործեին տարածքը։

Տավուշի թեմի առաջնորդը ու արդեն նրան միացած հոգևորականները հետո արդեն անթաքույց սկսում են ձայնակցել նաև ընդդիմությանը, Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, ինչից արդեն ակնհայտ դարձավ իրականում ինչ պրոյեկտ է փորձում իրացնել եկեղեցին. Նա շարունակում է իրականացնել չստացված ընդդիմության առջեւ դրված՝ Կրեմլից իջեցված առաջադրանքը։

Որքանո՞վ են հայամետ Սրբազանի հայտարարությունները։ Այսպես՝ մեջբերենք վերջինիս խոսույթից. «Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը․ ինձ համար Հայաստանի ամբողջականությունը ոչ թվերով է, ոչ էլ սահմաններով»․ սա նշանակում է, որ եթե, օրինակ, Ադրբեջանը Գեղարքունիքում, Սյունիքում և այլ մարզերում օկուպացրել է և գուցե նորից փորձի օկուպացնել ՀՀ ինքնիշխան տարածքը, ապա դա լեգիտիմ է՝ չկա սահման, չկան թվեր, իսկ զինվորներն այնտեղ են, որտեղ կնահանջեն, նույնը ասում է Ալիևը՝ սահմանն այնտեղ է, որտեղ ադրբեջանցի զինվորականներն են, ինչից կարծես թե հետ է կանգնել՝ ընդունելով Ալմաթայի հռչակագիրը, որով նա ճանաչում է ՀՀ՝ 29743 քառ. կմ տարածքը։

ՀՀ տարածքային ամբողջականությունից հետո հաջորդ թիրախը իհարկե Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են, որոնք մեր՝ ՀՀ սուվերեն տարածքի երաշխավորն են. օրինակը մենք տեսանք Տավուշում, երբ մի քանի զինվորականներ, իրենց իսկ պնդմամբ, իբր պահի ազդեցության տակ գնացել էին գյուղացիների մոտ՝ առանց որևէ քաղաքական դրդապատճառի, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցները դա ներկայացրին որպես զինվորականության միացում բողոքի ակցիաներին և անհամաձայնություն՝ սահմանազատման գործընթացին։

Խոսելով Զինված ուժերից, նկատենք, որ «անտեսելով» սահմանին Հայկական բանակի ներկայությունը, որոշ խմբեր իբր գնում են սահման պաշտպանելու։ Դրա վառ օրինակն է ԱԺԲ-ն (Սասնա ծռեր), այսինքն՝ չկա անկախ պետություն, կան կամավորականներ, որոնք ուզում են ազատորեն իրենց ձեռքը վերցնել ինչ-որ տարածքի, բայց ոչ սահմանի պաշտպանությունը։

Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ մասը դառնալու Հայ Առաքելական Եկեղեցու նկարտումներն այսքանով չեն սահմանափակվում։ Հանրությունը նկատած կլինի, որ առնվազն 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից առաջ են տանում այն թեզը, թե իբր ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը չի սպասարկում հայ ժողովրդի շահերը։ Ստացվում է՝ Ռուսաստանն ավելի մտահոգ է ՀՀ ապագայով, քան հենց Հայաստանի իշխանությունները, ընդ որում լեգիտիմ՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից ընտրված իշխանությունները։

Եզրակացություն․ բոլոր նրանք, ովքեր շեշտելով Ալմաթայի հռչակագիրը՝ հստակ չեն նշում որքան է ՀՀ ինքնիշխան տարածքը՝ ըստ էության աջակցում են Ռուսաստանի միութենական ձգտումներին։ Ավելին՝ դա նշանակում է ԽՍՀՄ վերականգնում, որովհետև այդ հռչակագիրը, որի տակ կա նաև Ռուսաստանի ստորագրությունը՝ պաշտպանում է հետխորհրդային երկրների տարածքային ամբողջականությունները (անկախացած ԽՍՀՄ-ից), այդ թվում՝ Վրաստանի ու Ուկրաինայի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ