Ամեն անգամ Վարդան Օսկանյանին լսելիս սարսափում ես, թե Հայաստանի ու Արցախի վրա ինչ է արժեցել 10 տարի նման մտածողությամբ մարդու ԱԳ նախարար լինելը. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ամեն անգամ Վարդան Օսկանյանին լսելիս սարսափում ես, թե Հայաստանի ու Արցախի վրա ինչ է արժեցել 10 տարի նման մտածողությամբ մարդու ԱԳ նախարար լինելը․․․

Այսօր նախկին դիվանագետներով քննարկում են կազմակերպել Արցախի վերաբերյալ նոր ստրատեգիայի վերաբերյալ, որի մեխը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն է։ Մի բան, որը ոչ մեկս չենք վիճարկում, ուղղակի բոլորս ենք հասկանում, որ ռուսների հերթական դավաճանությունից հետո դա այլևս միայն հնարավոր է, եթե առաջիկա զարգացումներում որևէ հրաշք տեղի ունենա, հնարավորության պատուհան բացվի ու այդ տարածքի գոնե դե ֆակտո ինքնուրույնության համար միջազգային մանդատ ու միջազգային անվտանգության մեխանիզմի ու վերադարձի երախխիք ստեղծվի․․․ Այս պահին դրա համավանականությունը զրո չէ, բայց 5 տոկոս էլ չկա, հետևաբար դրա մասին բարձրաձայն մտածելն ու Ադրբեջանին հոխորտալը ամեն մարդ չէ որ կանի․․․ Վարդան Օսկանյանը դա անում է անգամ առանց այդ նվազագույն մեխանիզմնրի ու պարամետրերի մասին խոսելու․․․ Ինչ ասես, իր իրավունքն է, բայց դաժան է, որ այդպիսի ԱԳ նախարար ենք ունեցել․․․

Այնուհետև խոսում է ռուս-հայկական հարաբերությունների ռեստարտի մասին։ Կրկին, թվում է, թե ճիշտ բանից է խոսում, որովհետև ուզենք թե չուզենք, այդ հրամայականը օրեցօր ավելի է հասունանում, որովհետև նախկին մեխանիզմները, որոնք ստեղծել է Վարդան Օսկանյանը իր ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, Հայաստանի ժողովրդի համար պարզապես բուտաֆորիա են եղել, որի համար Վարդան Օսկանյանը չի ապաշխարհում, բայց գրեթե ասում է՝ եկեք մոռանանք, թե ինչ է արել մեզ հետ Ռուսասանն ու սկսենք զրո կետից․․․ Մոռանում է, որ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանին է մեղադրել զրո կետից սկսելու մեջ․․․

Վերջապես, խոսում է նոր ռազմավարությունից․ այս հատվածը լսելիս հիշեցի 2000-ականների սկզբին Վարդան Օսկանյանի նոր ստրատեգիան՝ նոու հաուն, երբ լրագրողը հարց տվեց՝ «Արցախի կարգավիճակը կարգավորման այս տարբերակի դեպքում ո՞րն է լինելու», այդ հարցին նա իրեն բնորոշ առոգանությամբ ու մանվածապատ պատասխանեց՝ «գիտե՞ք, միջազգային դիվանագիտության մեջ մի սկզբունք կա՝ «մի՛ հարցրու, մի՛ իմացիր»/ «Don’t ask, don’t know»: Մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով․․․» Առանց չափազանցության։ Եթե անգամ զարմանաք ու չհավատաք ձեր աչքերին, դրանից Վարդան Օսկանյանի պատասխանը չի փոխվելու․․․ Ուղղակի ժամանակին նա հորդորում էր ոչ հարցնել, ոչ էլ իմանալ, թե ինչ է սպասվում Արցախին․․․

Հետո ելույթում Օսկանյանը հորդորում է նոր ստրատեգիան հետամտել նաև Տավուշում՝ մեզ դուրս դնելով անընդհատ պատերազմը հետաձգելու վախից զիջումների գնալու պարադիգմայից․․․ Ի դեպ, լավ բան է ասում։ Բայց կրկին չես կարողանում մտքիդ մեջ կռիվ չտալ ու հարց չտալ իրեն․ ախր, 2000-ականներին, երբ Հայաստանը հաղթած էր Արցախյան առաջին պատերազմում, դուք հենց նույն Տավուշում Ռոբերտ Քոչարյանի հետ միասին «չկարողացաք» Կիրանց-Ոսկեպար 5 րոպեանոց ավտոճանապարհը պահել, քանի որ դա անցնում էր Ոսկեպարի «ադրբեջանապատկան» եռնակյունով, որի համար երթուղին փոխեցիք։ Ի տարբերություն ձեզ՝ այն ժամանակ էլ Իլհամ Ալիևը Բերքաբերին պատկանող Փայտասարի եռանկյունով ոչ միայն ճանապարհ գցեց Մազամ, Ղուշչի այրում գյուղերի կապի համար, այլ սպիտակ տուֆով դրա դիտարկելիությունը նվազեցնող մի քանի կիոմետրանոց պատ պատեց ճանապարհի երկայնքով ու միջազգայնորեն Հայաստանին պատկանող տարածքում ու մենք կարծես թե չխոչընդոտեցինք էլ․․․ Ախր դուք հենց այդ հաղթած ժամանակ ոչ միայն չկարողացաք Ալիևին թույլ չտալ, որ նա մեր տարածքում պատ կառուցի, այլ ինքներդ սուսուփուս կառուցեցիք Ոսկեպարի ոլորանները ինչ է թե նախկին ճանապարհը Կիրանցից կամրջի գլխավերևից անցնում է Ադրբեջանի տարածքով․․․ Էլի հիշեցնե՞մ․ կարծում եք թե տավուշցիները մոռացել են, թե ինչպե՞ս էին ադրբեջանցիները տարիներով կրակ բացելով արգելում կարկատել Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի ասֆալտը․․․ Հիշեցնեմ, թե քանի տարի է այն ավերակ մնացել, որովհետև քանի անգամ տեխնիկա մտցնելուց հետո հանվել է ադրբեջանական դիրքերից բացված կրակի պատճառով։ Այն ժամանակ՝ երբ հաղթած էինք, «նոր ստրատեգիա» չկա՞ր, թե խույս էինք տալիս պատերազմից․․․ Հետո ինչ, որ այն ժամանակ տեղացի մարդիկ նման ամոթալի բաները չէին հրապարակում ու համացանց չկար․․․

Ախր որ մեկն ասես․․․

Լուսանկարներում Փայտասարի եռանկյունին է, որը միջազգայնորեն պատկանում է Հայաստանին, ու որով անցնում է Ադրբեջանի ճանապարհը՝ քողարկված տուֆի պատով։
Վերջին լուսանկարում զիջված Կիրանց-Ոսկեպար հին ճանապարհն է

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ