Քրեական գործ է հարուցվել, 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ապրիլի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 43-ամյա Լիլիթ Ս․-ն և հայտնել, որ «Լունապարկի» աշխատակիցները ոչ պատշաճ են իրականացնում իրենց մասնագիտական պարտականությունները, առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին՝ 1-ամյա Ռ․ Մ․-ն․ ընկել է ատրակցիոնից:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, քննություն են այս պահին իրականացնում, հանգամանքները կպարզվեն, հավելյալ կտեղեկացնեն այդ մասին։

Նշված հոդվածում նշվում է․ «Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ