Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսվող բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ:

Այս մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։

«Ալմաթիում կկայանան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները, երկու կողմն էլ հաստատել են իրենց մասնակցությունը։ Միջոցառման օրը լրացուցիչ կհայտարարվի»,- շեշտել է Սմեդյարովը։

Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը ավելի վաղ РИА Новости-ին ասել էր, որ հանդիպման ամսաթիվը որոշված չէ, քանի որ Հայաստանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը:

Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարը Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցերի ընթացքում առաջարկել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ապրիլի 29–ին հաստատել էր, որ կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում։

2 երկրի ԱԳ նախարարների՝ Ղազախստանում հանդիպման մասին տեղեկությունն ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Մինչ այդ էլ՝ ապրիլի 26-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ