Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

«Ես գործող անձանց եկեղեցի չէի անվանի, հայ առաքելական սուրբ եկեղեցին հազարամյա կառույց է և այդ անձանց, որոնք հանդես են գալիս որպես ընդդիմադիր արքեպիսկոպոսներ, կենտրոնամետ եպիսկոպոսներ և այլն, ես իրենց եկեղեցի չէի անվանի»:

Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե վերջին տարիներ հայաստանյան իրադարձությունների ընթացքում երբևէ եկեղեցականներն այսքան ներգրավված չեն եղել, որքան հիմա՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման դեմ պայքարում:

«Նրանք շատ փոքր են եկեղեցու հետ նույնականանալու համար. նույնիսկ եթե իրենք եկեղեցու սպասավորներ են, իրենք եկեղեցին չեն: Որովհետև նույն տրամաբանությամբ՝ եթե իրենք եկեղեցին են, ուրեմն մենք էլ պետությունն ենք, բայց մենք էլ շատ փոքր ենք պետության հետ նույնականանալու համար»,-նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ եկեղեցու վերնախավի մի մասը ակտիվորեն զբաղված է անթաքույց քաղաքական գործունեությամբ:

Ըստ ԱԺ փոխխոսնակի, դա նորմալ է, քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն կարող է զբաղվել քաղաքական գործունեությամբ, բայց թող այդ դեպքում եկեղեցականները պատրաստ լինեն դիտարկվել որպես քաղաքական սուբյեկտ և չփորձեն Հայ առաքելական եկեղեցին դարձնել իրենց համար վահան և փորձեն այդ շղարշի ներքո «ապապետական» գործունեություն ծավալել:

Ղազարյանի հարցին, թե ինչու՞ է այդ գործունեությունը ապապետական, Ռուբինյանը պատասխանեց.

«Ընդդիմադիր արքեպիսկոպոսն ասում է հետևյալը՝ «Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը»: Էս հայտարարույթյան հետ 2 խնդիր կա: Առաջինը՝ կոնկրետ այս պահին հայ զինվորը չի կարողացել կանգնել Ջերմուկի տարածքի մի հատվածում և այն այժմ գտվում է ադրբեջանական օկուպացիայի տակ: Այսինքն՝ եթե ադրբեջանցի զինվորը կարողացել է այդտեղ կանգնել, դա ի՞րենց տարածքն է, ՀՀ ինքնիշխան տարածք չի՞: Հաջորդը՝ նույն տրամաբանությամբ եթե հակառակորդը նույնն ասի, կստացվի, շահում է նա, ով ուժե՞ղ է: Սա լավագույն դեպքում չկշռադատված հայտարարություն է, վատագույն դեպքում՝ ապապետական»:

ԱԺ փոխխոսնակը հավելեց նաև, որ այս բոլոր գործողությունների հետևանքով Հայ առաքելական եկղեցու հեղինակությունը կարող է սասանվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ