Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

«Սահմանը և շփման գիծը տարբեր բաներ են»:

Այս մասին քիչ առաջ Առաջին ալիքի եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ ասելով, որ սահմանը իրավաբանական հասկացություն է՝ հիմնված քարտեզների և փաստաթղթերի վրա, իսկ շփման գիծը «առաձգական բան է»:

«Ինչպե՞ս է ձևավորվում շփման գիծը: Կողմերը ով որտեղ կարողանում, կանգնում է՝ բախումներով, պատերազմով, վերջում կամ հրադադարի համաձայնություն է լինում կամ չի լինում ու ով որտեղ կանգնում է՝ դա շփման գիծն է: Բայց շփման գիծը չի կարող լինել սահմանի դելիմիտացիայի հիմք, ամեն դեպքում դա մեզ ձեռք չի տալիս բացարձակ:

Այդ տրամաբանությամբ՝ բա ի՞նչ է լինելու Ջերմուկի հատվածում Հայաստանի ինքնիշխան տարածքների հետ, որոնք Ադրբեջանի օկուպացիայի տակ են, ի՞նչ է լինելու Բերքաբերում կամ Սոթքում կամ Ներքին Հանդում»,-նշեց Ռուբինյանը՝ անդրադառնալով Տավուշից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացին, որը վերջին օրերին ուղեկցվում է ընդդիմության և մի շարք քաղաքացիների բողոքի ակցիաներով:

Ռուբիինյանը մեկ անգամ ևս հստակեցրեց, որ սահմանազատման դեպքում շփման գիծը փոխարինվելու է սահամանային ուղեկալներով, նվազելու է ռազմական էսկալացիայի վտանգը, սահմանի երկու կողմերում հետ է քաշվելու բանակը և հսկողություն են սկսելու սահմանապահները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ