Կստորագրվի՞ արդյոք խաղաղության համաձայնագիրը. ինչ հարցերի շուրջ ՀՀ-ն ու Ադրբեջանը Վաշինգտոնում չեն եկել համաձայնության

Ի տարբերություն ԱՄՆ-ից եկող արձագանքների, ըստ որոնց՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության հասնելուն՝ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի այդպես չի կարծում: Ըստ նրա՝ եթե այդպես լիներ, հայտարարություններից զատ՝ կխոսվեր նախաստորագրված որևէ փաստաթղթի մասին։

«Բացի հայտարարություններից, որ տեղի են ունեցել բանակցություններ, ուրիշ որևէ բան չի նշվում։ Կա նաև հայտարարություն, որ որոշ առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամերժ, ինչն էլ խոսում է այն մասին, որ վաշինգտոնյան հարթակում Ադրբեջանը փոխզիջումների ճանապարհով չի փորձում գնալ և խնդիրներին լուծում տալ։ Ըստ իս՝ ադրբեջանական կողմը սպասում է մոսկովյան բանակցություններին և դրանց արդյունքներին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ կողմերը չեն բացում փակագծերը, սակայն, նշված տարամերժ դիրքորոշումները վերաբերում են միջազգային մեխանիզմի կիրառմանը ԼՂ-ում, Արցախի բանակցության իրավունքների ու անվտանգության խնդրին, ինչն Ադրբեջանը դիտարկում է «ներքին խնդիր» և թույլ չի տալիս որևէ մեկին խառնվել դրան. «Այստեղ նաև առաջ է գալիս վարչապետի հայտարարությունը, որն արեց Չեխիայում և նշեց, որ Ադրբեջանը դեմարկացիան փորձում է անել շինծու քարտեզներով»:

Մկրտչյանը դեմ չէ նաև Մոսկվայում սպասվող բանակցություններին, որտեղ նույնպես պետք է առաջնորդվել բացառապես հայկական շահի պաշտպանությամբ։

«Ինչպես բանակցել ենք Վաշինգտոնում, նույնկերպ պետք է շարունակենք Ռուսաստանում՝ թույլ չտալով ՀՀ-ի սուվերենության ոտնահարում։ Բանակցություններում Վաշինգտոնը հարաբերությունների կարգավորման չեզոք միջնորդ է՝ ի տարբերություն ՌԴ-ի, որը բանակցությունների ժամանակ պահում է ադրբեջանական թեզը, դրանից դուրս՝ ԼՂ հողում և ՀՀ ինքնիշխան տարածքում, կրկին թելում է Ադրբեջանի թելը, սակայն փաստաթղթերով համարվում է ՀՀ-ի դաշնակիցը»,- ասում է նա։

Մկրտչյանի ևս մեկ նկատառում է ընդգծում, այն է՝ Նահանգները կողմերին է թողել բանակցության եզրեր գտնելու հնարավորությունները, որն առաջ կբերի խաղաղության պայմանագրի ստորագրումը․ «Ես կողմ եմ այդ պայմանագրին, և մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ նույնպես։ Բայց դրա ստորագրումը չպետք է ինքնանպատակ լինի և սակարկի ՀՀ սուվերենությունն ու ինքնիշխանությունը։ Այստեղ կարևորվում են նաև միջազգային մեխանիզմներով երաշխավորի ինստիտուտը»։

Առանց դրանց, ըստ քաղաքագետի, որևէ փաստաթղթի ստորագրում միամտություն կլինի։ «Հայկական կողմը միջազգային երաշխիքներ է ուզում, քանի որ ապացուցված է՝ ՌԴ խաղաղապահներն Արցախում չեն տալիս այդ երաշխիքները: Եվրամիության դիտորդների տեղակայմամբ վերջին ամիսներին գնահատում ենք, որ ՀՀ սահմանին գոնե նվազել են դեպքերը։ Պետք է նույնպիսի միջազգային երաշխիքի լինի տարբեր դերակատարների միջոցով, որ Ադրբեջանը պարտավորվի դրանց հետ առերեսվել»,- ընդգծում է նա:

Երեկ ավարտվեցին Վաշինգտոնում ընթացած Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ ընթացող մի քանի օր տևող բանակցությունները: Դրանց ավարտից հետո ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ կողմերը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ ընդգծել է. «Կարծես թե վերջնական համաձայնագիրն արդեն երևում է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ