ՀՀ-ում նոր հիշատակի օր կավելանա․ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 88 կողմ ձայն:

Նախագիծը ներկայացրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսված է ապրիլի 16-ին:

2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել են ավելի քան երեք հազար մարդ:

Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ հազար մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ