Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

«Ամբողջ խնդիրը ընկալման մեջ է, մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանները»։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Սրանք 2 տարբեր անվտանգային ռեժիմներ են։ Շփման գիծը մեկ անվտանգային ռեժիմ է, որտեղ կա մի դիրք մի կետում, որոշակի նետրալ տարածք, հետո հակառակորդի դիրքը մեկ այլ կետում, որոշակի նետրալ տարածք, յուրաքանչյուր դիրքում նստած են զինվորներ, դիպուկահարներ, այլ զինատեսակներով ստորաբաժանումներ և միմյանց պահում են թիրախում։ Սա ռազմականացված վիճակի անվտանգային ռեժիմ է։ Մեկը մյուսին կարող է կրակել, հաջորդ օրը պատասխանել, և այսպես շարունակ։ Այսինք, էն ինչը եղել է 30 տարվա ընթացքում։

Էդ տրամաբանության մեջ էս շփման գիծը ձևավորվել է 90-ականների սկզբին, գծվել է համեմատաբար ուղիղ գիծ, ՀՍՍՀ-ից մնացել են որոշ տարածքներ իրենց տիրապետության տակ, օրինակ Բերքաբերի, Վազաշենի հողերը, ևս մի քանի ՀՀ-ին պատկանող գյուղերի հողեր, և նույնն էլ հակառակը, քանի որ սահմանը օձաձև է եղել»,- ասաց Եղոյանը։

Ըստ Արման Եղոյանի, հիմա այդ անվտանգային ռեժիմը փոխարինվում է սահման կոչվող անվտանգային ռեժիմով, որտեղ ոչ թե դիրքերն են դեմ-դիմաց, այլ սահմանային սյունն է, որի երկու կողմերում երկու պետությունների սահմանապահներն են կանգնած՝ բնականաբար զինված, բայց սահմանապահ ծառայություն իրականացնող։

«Սահման գծելու հիմքը հանդիսանում է երկկողմանիորեն համաձայնեցված սահմանը, այնպիսին, ինչպիսին մենք ունեցել ենք մինչև 1988 թվականը գործած 2 հանձնաժողովների արձանագրություններով սահմանված։ Ոչ միայն այդ արձանագրությունները կան, այլև այդ արձանագրություններին կից քարտեզները կան, որոնցով այսօր աշխատանքը տարվում է։ Մենք գծում ենք մեր պետական սահմանը»,- ասաց Արման Եղոյանը։

Եղոյանն անդրադարձավ նաև հայկական գյուղերի՝ հակառակորդի թիրախում հյատնվելու վերաբերյալ խոսակցություններին՝ նշելով, որ այդ գյուղերը հիմա էլ են նույն կարգավիճակում։ 1992-93թթ սահմանված շփման գծով ինչպես հայակական գյուղերն են հակառակոդի թիրախում, նույնկերպ հակառակորդինն են՝ արդեն 30 տարի։

«Եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Ադրբեջանը պետք է կրակի Ոսկեպարի վրա, այսօր էլ Ադրբեջանն ունի այդ հնարավորությունը իր դիրքից։ Ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը։ Այսօրվա զինատեսակներով, այսօրվա պատերազմի տրամաբանությամբ այդ փաստարկները ոչ մի քննադատության չեն դիմանում»,- ասաց Եղոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ