Իր երեխաների կողմից «дети капитана Гранта» կոչվելու համար ԼՂՀ նախկին նախագահից կապիտանի կոչում խնդրած Հրանտ Թոխատյանն այսօր «ամաչում է», երբ դատում են բանակից գողանալու համար

Թեթև ժանրի դերասան Հրանտ Թոխատյանն ու իր պես մտածող որոշ գործիչներ «ամոթ» են համարում այն, երբ բանակի բարձր ղեկավարության որոշ ներկայացուցիչներ բանակից թալանածի, գողացածի, պլոկածի, գռփածի, այսինքն՝ զինվորի հացին ու փամփուշտին «վայիս եղածները» իրենց գողացածի, թալանածի, պլոկածի համար կանչվում են պատասխանատվության։
«Անկախությունից ի վեր մեր երկրում եղել են երկու ինստիտուտներ, որոնք համարվել են կայացած՝ եկեղեցին և բանակը։ Վերջին տարիներին երկու ինստիտուտն էլ ամեն կերպ քարկոծվում են։ Սա արվում է նրա համար, որպեսզի բանակի հեղինակությունը որքան հնարավոր է հավասարեցնեն պլինտուսի մակարդակին։ Նման բան անել չի կարելի»,- հայտարարել է Հ. Թոխատյանը Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ հիշյալ դատարանում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ քրեական գործը։

Դերասանը նշել է նաև, որ բանակն այնպիսի ինստիտուտ է, որը մեր վաղն է, ապագան է, ամեն ինչ մեր բանակի, զինվորականների ձեռքում է, հատկապես՝ Գրիգորի Խաչատուրովի պես գեներալի, նաև՝ Սեյրան Օհանյանի։ «Ամոթ է նման զինվորականներին դատելը, նրանք այն մարդիկ են, որոնք հաղթանակ են բերել երկրին»,-ազդարարել է կատակերգուն՝ հավելելով․ «Իսկ այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի մենք չունենանք այն հերոսներին, որոնցով սերունդ կմեծացնենք։ Որ կողմ նայում ես՝ կա՛մ դատվում են, կա՛մ խոսվում է, որ դեռ կդատեն․ սա ուղղակի խայտառակություն է։ Այսպիսի բան անել չի կարելի։ Եթե ասելիք ունեին, կարող էին առանձին հանդիպել զինվորականների հետ, ներքին կարգով այդ հարցը լուծեին։ Իսկ հիմա նույնիսկ հասկանալի չէ, թե ինչու է փակ այս դատավարությունը»։

Ինչ է ստացվում․ մտավորականի փիլոնի տակ հանդես եկող այս մարդիկ «ամոթ» չեն համարում, իրենց ասելով՝ ՀՀ «ամենակայացած կառույցներից» մեկից՝ բանակից, գողանալը, ու քանի որ ամոթի ինստիտուտի մասին խեղված պատկերացում ունեն, բնական է, որ իրենց ամոթանքը գողերին ուղղելու փոխարեն նրանց դատարան կանչողներին պետք է ուղղեն։ Փաստորեն, Հրանտ Թոխատյանի համար հերոսի կերպար են ոչ թե նրանք, ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհաբերել, հայրենիքի պաշտպանության համար դիմել հերոսական սխրանքների, հայրենիքի պատիվը բարձր պահել ու Հայաստանի անունը թնդացրել պատվո հարթակներին, այլ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների շահառուները, որոնց այդպիսի շահառու լինելը չէ, որ վիճարկում է Թոխատյանը, այլ այն, որ նրանց այսպես «ափաշքարա» կանչում են դատարան։ Մինչդեռ, ըստ Թոխատյանի, կարելի էր ներքին կարգով պայմանավորվել, հարցերը այդ եղանակով լուծել։ Այսինքն՝ գործարք առաջարկել կայացած ինստիտուտներից մեկի ներկայացուցիչ «հեղինակություններին», նրանց հեղինակությամբ արարքները ծածկադմփոց անել ու բանակի պատիվը այսպիսով, մութ գործարքների արդյունքում կայացած «հաշտության» միջողով համարել վերականգնված։

Վերադառնալով հերոսների մասին Թոխատյանի դիտարկմանը՝ չենք կարող չհայտնել մեր խղճահարությունը նրա և նրա պես մտածողների հանդեպ, որոնց դիտարկմամբ, փաստորեն, սերունդներ կրթելու էտալոնային կերպարներ են գեներալի ուսադիրները սեփական նախաձեռնությամբ անպատվող, այդ ուսադիներին հակասող գործողություններ արածները, այլ ոչ, ասենք, ընդօրինակման արժանի՝ իսկական էտալոնները՝ Վիկտոր Համբարձումյանը, Շառլ Ազնավուրը, Վիտյա Այվազյանը, Արամ Խաչատրյանը, Մոնթե Մելքոնյանը և ուրիշներ․․․

Կատակերգուն, սակայն, այսքանով չի սահմանափակվել, այլ հատել է մառազմի սահմանագիծը՝ ծոր տալով․ «Ամեն ինչ արվում է, որ հայ ընտանիքում տղա երեխայի բանակ գնալն ամեն կերպ խոչընդոտվի, ամեն կերպ ազատվի… Նման բան եղել է, բայց այն ժամանակ, եթե դրանք եզակի դեպքեր էին, այսօր երիտասարդների մեծ մասը չեն ուզում ծառայել բանակում։ Այսպես հեղինակազրկել բանակը, նշանակում է՝ վաղը չենք ունենալու զինակոչիկ»։

Նկատենք, որ բանակի դարդով տապակվող Թոխատյանը մի քանի տարի առաջ հայտարարել էր, թե ՝ բանակում չի ծառայել, բայց ԼՂՀ ՊԲ-ի կապիտանի կոչում ունի։ «Ես բանակում չեմ ծառայել, այն ժամանակ կային զինվորական ամբիոններ, բայց ԼՂՀ ՊԲ -ի կապիտանի կոչում ունեմ: Երկար ժամանակ վարում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տելեթոնը, որի 20-ամյակին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հրավեր էր կազմակերպել Արցախում:

Պաշտոնական ընդունելությունից հետո ցանկանում էր ինչ-որ մի բանով շնորհակալ լինել և հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել: Ես էլ խնդրեցի, որ ինձ կապիտանի կոչում շնորհի: Նա զարմանքով նայեց ինձ և հարցրեց, «Իսկ ինչո՞ւ», ես էլ ժպիտով ասացի, որ ուզում եմ, որ իմ երեխաները լինեն «дети капитана Гранта»»:

Ի դեպ, Հրանտ Թոխատյանը նախկին երկու ամուսնություններից երկու որդի ունի, նաև՝ տղա թոռնիկ։ Հետաքրքիր է իմանալ՝ նրա որդիները ծառայե՞լ են հայկական բանակում և ի՞նչ բնույթ է ունեցել այդ ծառայությունը։ Իսկ գուցե «ամեն ինչ արվում է, որ հայ ընտանիքում տղա երեխայի բանակ գնալն ամեն կերպ խոչընդոտվի»-ի մասին ահազանգող Հրանտ Թոխատյանը հիմիկվանից փորձում է լուծել կրտսեր Հրանտ Թոխատյանի բանակից ազատվելու հա՞րցը։

Հ․Գ․ Ի դեպ, 2017 թվականին, երբ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Վիգեն Սարգսյանը այցելել էր Երևանի առաջին հիվանդանոց, որտեղ նոր վերականգնողական կենտրոն պետք է բացվեր՝ սպասարկելու բանակում վիրավորված զինվորներին, հրավիրված էր նաև Թոխատյանը։

Ողջունելով նախարարին՝ նա ասել էր, թե ինքն ու իր երկու որդիները ծառայել են բանակում և շատ հպարտ են, որ կրել են համազգեստ։ Փաստորեն, Թոխատյանը նաև ստելու հետ սեր ունի, մեկ ասում է՝ չի ծառայել բանակում, բայց կապիտանի կոչում ունի, մեկ էլ՝ մի տարի անց, հավաստիացնում է, թե ծառայել է։ «Կգա մի ժամանակ, ես վստահ եմ, որ բանակում ծառայած չլինելը ուղղակի կլինի ամոթ: Մարդ պետք է ամաչի: Պարոն նախարար, ես վստահ եմ, կգա այն օրը, որ տղա ծնվելուց, ինչու չէ նաև՝ աղջիկ, երեխային կհերթագրեն բանակ՝ արդեն 10 տարեկանը լրանալուց: Ամենամեծ պատիժը մեր երկրում կլինի երեխային բանակ չտանելը: Այդ ժամանակ պարզ ճակատով կարող ենք ասել, որ երկիր ունենք ու ամենահզոր բանակը»,- խրոխտ հայտարարել էր Թոխատյանը, որի համար ամոթի ինստիտուտը, փաստորեն, տարիների ընթացքում դեգրադացվել է։

Ամոթն այլևս, նրա ընկալմամբ, բանակի հեղինակությունն արատավորողներին հրապարակավ դատելն է։

Ի դեպ, Վիգեն Սարգսյանը, որը բանակում չի ծառայել, լսելով Հրանտ Թոխատյանի ամոթանքը գլխով էր արել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ