Բոլորը պետք է վառոդի հոտը զգան, հրաձգարաններում փոշոտվեն, սողեսող գնան. բանակում չծառայածները ևս կմասնակցեն վարժանքներին

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը դրական է գնահատում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանի՝ Ազգային ժողովում արած այն հայտարարությունը, որի համաձայն՝ մշակվում է հայեցակարգ, ըստ որի՝ զինվորական պատրաստվածության մեջ ներգրավելու են այն քաղաքացիներին, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամանակին ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

«Եթե խոսքը 25-օրյա, կամ եռամսյա վարժանքներում պարտադիր զինվորական ծառայություն չանցած մարդկանց ընդգրկելու մասին է, իսկապես ողջունում եմ: Շատ կարևոր քայլ է, առաջին հերթին այն առումով, որ նրանք ի վերջո կարող են ներդաշնակվել բանակային կյանքին, զենքի հետ վարվելակերպի նվազագույն կանոններին տիրապետել: Բոլորը պետք է վառոդի հոտը զգան, հրաձգարաններում փոշոտվեն, զորավարժանքների ժամանակ սողեսող գնան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծում է Հովհաննիսյանը:

Նա այս քայլը կարևորում է ևս մեկ հանգամանքով պայմանավորված, այն է՝ սա թույլ կտա նաև որոշակի ազդեցություն ունենալ կոռուպցիոն ռիսկերի վրա. «Կարծում եմ՝ միտված է հենց դրան. եթե կոռուպցիոն սխեմաներ են գործում բանակից ազատվելու համար, ապա այդ մարդիկ կյանքի որոշակի փուլում, այնուամենայնիվ, լինեն զինապարտ»:

Ռազմական փորձագետը կարծում է՝ պետք է այնպես անել, որ նկատելի մարդկանց որդիները, որոնք ժամանակին ինչ-ինչ պատրվակներով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, իսկապես գնան և ոչ թե կրկին զարտուղի ճանապարհներով փորձեն խույս տալ:

«Հանրային դեմք ասելով՝ նկատի ունեմ ուղիղ մեծահարուստներին, որովհետև մեզ մոտ, որպես կանոն, հենց մեծահարուստների երեխաները չեն ծառայում: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր բանակի վրայից վերջապես դուրս գա «աղքատի բանակ» պիտակը: Նկատի ունեմ ոչ թե հանդերձանքը, այլ այն հանգամանքը, որ աղքատ կամ միջին խավի մարդկանց երեխաներն են հիմնականում գնում ծառայության: Պետք է հասկանանք՝ ինչպե՞ս անել, որ կրկին վատառողջ մարդը չգնա ծառայության կամ հավաքի, իսկ մեծահարուստի երեխաները նորից «առողջական խնդիրների» պատճառով մնան ակումբերում կամ Երևանի փողոցներում: Շեշտը պետք է սրա վրա դրվի, և, կարծում եմ, հենց դրան ենք գնում»,- ասում է զրուցակիցը:

Կարեն Հովհաննիսյանը ևս մեկ կարևոր նկատառում է ընդգծում՝ ասելով՝ պետք է ոչ թե ամբողջ կյանքում մեկ անգամ եռամսյա վարժանքների մասնակցեն, այլ ամեն տարի՝ որոշակի վարժանքների:

«Այդ պարագայում հնարավոր է տիրապետել ռազմական սկզբունքներին, որոնք կիրառվում են ռազմի դաշտում: Մենք կարող են նաև քաղաքացիական նմանատիպ մասնագիտություն ունեցող մարդկանց ադապտացնել ռազմական մասնագիտությանը, օրինակ՝ քաղաքացիական օպերատորը դառնա ռազմական օպերատոր՝ ԱԹՍ-ի: Տեսականորեն հնարավոր է, պարզապես հարկավոր է մշակված քաղաքականություն, որի կատարումը և կյանքի կոչումը պետք է լինի հետևողական, այլ ոչ թե՝ ըստ ճաշակի»,- ասում է բանախոսը:

Խոսելով պարտադիր ժամկետային ծառայության համար սահմանված տարիքային շեմի մասին՝ ռազմական փորձագետը վստահեցնում է՝ հրաշալի տարիք է ընտրված, երբ միտքը առողջ է, մարմինը՝ գործունյա:

Վերջինս, սակայն, նկատում է, որ պարտադիր ժամկետային ծառայության համար սահմանված երկու տարին երկար ժամանակ է. «Փորձը ցույց է տալիս, որ ամեն դեպքում երկու տարին շատ երկար ժամանակ է, և զինծառայողը «ժանգոտվում» է, այլևս չի ստեղծագործում, չի մտածում, տալիս են հրամաններ, հրամանները կատարում է, որ գլխին փորձանք չբերի: Երկու տարվա կտրվածքով մեծ մասն ուղղակի զզվում է, ոչ թե զինվորական գործից, այլ անհարկի կարգուկանոններից, որոնք սովետական բանակից են մնացել: Իսկ երբ մի տարի է ծառայում, մոտիվացիա կա, կարող է ստեղծագործել, նույնիսկ ծառայությունից հետո չի բացառվում, որ ցանկություն հայտնի մնալ բանակում»:

Միաժամանակ Հովհաննիսյանը կարծում է, որ պայմանագրային ծառայությունը պետք է դարձնել մրցունակ ու հրապուրիչ. «Որ պայմանագրային չդառնան միայն նրա համար, քանի որ ձեռքներից այլ բան չի գալիս, ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում»:

Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում կանանց ներգրավելուն՝ վերջինս նկատում է՝ որպես կանոն՝ այնտեղ, որտեղ կանայք կան, կարգուկանոնը շատ ավելի բարձր մակարդակի վրա է լինում:

«Նույնիսկ շարքային կազմի մոտ զգոնություն է լինում, երբ համազգեստով կին է հայտնվում, նույնն էլ հրամանատարների մոտ է: Կանանց առավել ակտիվ ընդգրկումը Զինված ուժեր նաև ունի իր վտանգը, որովհետև կանայք, այնուամենայնիվ, խոցելի են, էմոցիոնալ դաշտը շատ ավելի բարձր է, մայրական և տարբեր զգացմունքներ կլինեն, որը բավականին խոցելի կարող է դարձնել բանակը: Դրա համար այս ռիսկային գործոնը ևս պետք է հաշվի առնենք, որ հասկանանք, թե որ ստորաբաժանումներում կարելի է կանանց ծառայությունը կազմակերպել»,- ասում է ռազմական փորձագետը:

Ըստ նրա՝ եթե այս ճանապարհով գնանք, ապա շատ մոտ ապագայում կարող ենք ունենալ բոլորովին այլ՝ վերափոխված բանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ