Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվի կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գյուղ Մեղրաշատ) իրականացրած ստուգման ընթացքում պարզել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:

ՍԱՏՄ-ից մանրամասնել են դրանք.

— արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

— արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, որոնց քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ են տալիս խուսափել սննդամթերքի աղտոտումից,

— արտադրական շինությունների հատակների մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։

«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասվում է ՍԱՏՄ-ի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ