![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը և խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել են ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք նորմա՞լ է, որ ԱԺ փոխնախագահն աթոռը վերցնում է ու նետում մեկ այլ պատգամավորի վրա, Հակոբյանը հակադարձել է՝ արդյոք նորմա՞լ է, որ Նարեկ Կարապետյանն ամբիոնից նորմալ ելույթ ունեցող պատգամավորի վրա հարձակվում է, հարվածում։
«Եթե մեզ հարվածեցին, ծեծ են ուտելու նորից։ Իրենք պետք է մեզ հարվածեն, մենք ոչինչ չանե՞նք։ Երբ պոկում են ԱԺ-ի գույքն ու մեզ փայտով փորձում են ծեծել, աթոռով էլ, շշով էլ, ամեն ինչով էլ ծեծ են ուտելու»,- ավելացրել է պատգամավորը։
Հակոբյանը հայտնել է, որ վնասվածք ստացել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը, իսկ ՔՊ խմբակցությունից վնասվածքներ ստացածներ չկան։
«Գնացեք հարցրեք իրենց՝ ինչու են անընդհատ ընդհատում ելույթ ունեցողներին, սադրում։ Էդգար Ղազարյանի ելույթների նման ելույթներին մենք չենք արձագանքում, լսում ենք մինչև վերջ։ Տարոն Չախոյանից առաջ Հայկ Ֆարմանյանը մեզ ամբիոնից մեղադրեց կոռուպցիոներ լինելու համար։ Ձայն չենք հանել, մինչև վերջ լսել ենք։ Իրենք պետք է բարի լինեն նույն կերպ վարվել։ Եթե իրենք հարձակվեն ամբիոնից ելույթ ունեցողի վրա, ծեծ են ուտելու»,- հայտարարել է նա:
![]()