Ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա բռունցքներով հարձակվելը թուլության նշան է. Վահագն Ալեքսանյան

Ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա բռունցքներով հարձակվելը թուլության նշան է, ավելին՝ ոչ թե հասարակ թուլության, այլ թույլիկության նշան է, հարգելի՛ գործընկերներ։ Այդ մասին այսօր խորհրդարանի ամբիոնից, անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած քաշքշուկի ու ծեծկռտուքի դեպքին, հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

«Հասկանում եմ, գուցե կարող է տհաճ լինել, բայց մեզ էլ է շատ բան տհաճ, բայց մարդը ելույթ է ունենում, ոչ մի վիրավորական բառ չի ասում, տեղից վեր եք կենում, հարձակվում եք, հետո գալիս, ասում եք՝ Ալեքսանյանն աթոռով հարվածեց կամ էս մի բանն արեց։

Ժողովո՛ւրդ ջան, ձեզ մոտ տենց չի ընդունվա՞ծ, որ ձեզ խփում են, օրինակ, դուք ի՞նչ եք անում։ Չնայած գիտեմ՝ դուք ձեր «ախրաննիկներին» եք կանչում, որ ստեղ հետևը սպասեն։ Մենք տենց չենք, կներեք, մենք նորմալ տղերք ենք։

Հազար ներողություն, մենք տենց չենք ապրում, մենք ձեզ պես չենք ապրում։ Էսքան բան է եղել, մեկիս օգնականը, հեն է, Լևոն Քոչարյանն էլ է ծիծաղում, իմ օգնականը հեչ գնացե՞լ է, Լևոն Քոչարյանին մոտեցե՞լ է, ասել՝ ա՛յ մարդասպան, կոռուպցիոների տղա, ասե՞լ է, չի ասել նման բաներ, որովհետև դա ես եմ անում էստեղից, ես ուրիշ մեկի կարիքը չունեմ դա անելու համար»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիրները, երբ հարձակվում են ելույթ ունեցողի վրա, հետո չպետք է նեղանան, որ դրան պատասխան է լինում։

«Ստանալու եք, նույն վիճակում եք հայտնվելու՝ մի օր ավելի լավ, մի օր ավելի վատ»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին մեղադրելով քաղաքական մտքի հետ խնդիր ունենալու մեջ։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել կառավարող ուժի ու ընդդիմադիր պատգամավորների միջև։

Հենց նիստերի դահլիճում ելույթների ընթացքում օրենսդիրի անդամները հարձակվել են միմյանց վրա և փոխադարձ հարվածներ հասցրել։ ԱԺ նախագահը նախ ընդմիջում չի հայտարարել, որպեսզի վիճաբանության կողմերը զբաղեցնեն իրենց տեղերը։

Մոտ 10 րոպե անց, երբ իրավիճակը թեժացել է, ստիպված է եղել ընդմիջում հայտարարել։ Ծեծկռտուքը շարունակվել է նաև միջանցքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ