![]()
Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Սեյրան Օհանյանը դեռևս գտնվում է հոսպիտալում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ պաշտպանության նախկին նախարարի մոտ առկա են մի քանի հիվանդություններ.
«Անցած նիստին հուսով էի, որ այսօր Օհանյանը կարող էր մասնակցել, սակայն ընթացքն այնպիսին եղավ, որ հոսպիտալում բուժման շարունակման անհրաժեշտություն առաջացավ»:
Մեժլումյանը նկատեց, որ Օհանյանի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա. «Հուսով եմ՝ շուտ կապաքինվի և մյուս նիստին կկարողանա ներկա լինել»: Հարցին՝ Օհանյանը կորոնավիրուսի թեստ հանձնե՞լ է, Մեժլումյանը նշեց, որ հանձնել է, և այն բացասական է:
Նշենք, որ այսօրվա նիստին ներկա չէր նաև Ռոբերտ Քոչարյանը: Դանիբեկյանը փաստաբան Արամ Վարդևանյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառը: Փաստաբանը հայտնեց, որ, իմանալով Օհանյանի առողջական խնդիրների և առաջիկա նիստին նրա բացակայության մասին, խորհուրդ է տվել չգալ նիստին:
Ռոբերը Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին՝ ժամը 13։00-ին։
![]()