![]()
«Ես ուզում եմ, որ Երևանը նորմալ ապրի ու շնչի, և ինձ համար պրոբլեմատիկ է այն, ինչ որ կա այսօր քաղաքում, նկատի ունեմ առաջին հերթին խցանումները»:
Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ ինքը տարածել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ քաղաքապետարանին ուղղված քննադատությունը, էլ ավելի են սրվել խոսակցությունները, որ ինքն ուզում է քաղաքապետ դառնալ։
«Մեկ-երկու տարի հետո եթե մենք ինչ-որ լուծումներ չգտնենք, Երևանը ուղղակի կանգնելու է, ու ձև անել, որ մենք դա չենք տեսնում, կեղծ է։ Դե ես չեմ ուզում կենտրոնացնեմ դա քաղաքապետի վրա, մենք ենք դրա պատասխանատուն, ես եմ նաև դրա պատասխանատուն։ Փաստ չի, որ եթե ես այդ պահին այդտեղ լինեի, ես շատ ավելի լավ լուծում կգտնեի։ Այն փաստը, որ խնդիրը կա, ու այն, որ մենք ենք մեր խնդիրները բարձրաձայնում հաճախ, դա նորություն չի։ Մենք մեր խնդիրները բարձրաձայնում ենք, և դա խնդիր բարձրաձայնելու ևս մեկ առիթ ու պատճառ էր։
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր լուծում պետք է շատ լայն քննարկում ստանա, և քննարկման ամենակարևոր բաղադրիչ մասը այն է, որ պետք է լուծման առաջարկը անել, սպասել, տեսնել, թե ինչ հակառակ կարծիք կա, և այդ բոլոր հակառակ կարծիքները բերել նստացնել սեղանի շուրջ և փորձել հասկանալ, թե որտեղ են այդ խոցելի տեղերը։ Որովհետև շատ հարցերում ոչ միայն քաղաքում, այլ նաև օրենսդրական նախաձեռնությունների մեջ ինչ-որ լուծումներ արել ենք, բայց ավելի վատ է ստացվել կամ չի ստացվել։
Ուղղակի էլ տեղ չկա, երկու տարի հետո, եթե ոչ ավելի շուտ Երևանն ուղղակի կանգնելու է, ուղղակի չենք շարժվելու տեղից, ու դա միակ խնդիրը չի։ Դա նաև մեր պրոբլեմն է, իմ պրոբլեմն է, հանկարծ տպավորություն չլինի, որ ես ինչ-որ ձևով թե՛ քաղաքապետին, թե՛ մեր թիմին որևիցե ձևով բան եմ անում, դա մեր պրոբլեմն է, որ պետք է քննարկենք։ Ի՞նչ է, վա՞տ է, որ մենք ուզում ենք այդ պրոբլեմը քննարկել»,- ասել է Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ մի բան է թիմի ներսում քննարկելը, մեկ այլ բան է, որ դա արվում է հրապարակային, Ալեն Սիմոնյանն արձագանքել է.
«Հիմա երբ Ավինյանը քաղաքապետարանի նիստի ժամանակ ասում էր՝ ինչի՞ եք աղմկում կամ ինչի՞ եք վիճում, սա ձեր համար Ազգային ժողովը չի, ինքը քննադատում էր Ազգային ժողովը և իմ աշխատա՞նքը»։
![]()