Բանկերը մոտ 2 մլրդ դրամի չափով ներել են զոհվածների եւ նրանց հարազատների վարկերը

Կենտրոնական բանկը որոշակիորեն վերանայել է 2021 թվականի տնտեսական աճի ցուցանիշը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Եթե նախկինում, մեր գնահատականների համաձայն, Հայաստանում 2021 թվականի ընթացքում տնտեսական աճը պետք է կազմեր 2 տոկոս, այժմ, մեր կանխատեսմամբ, այն պետք է կազմի 1.4 տոկոս: Սա հիմնականում պայմանավորված է 2020-ի 4-րդ եռամսյակի ընթացքում եւ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսության որոշակի ճյուղերում արձանագրված թուլացումներով»,- ասաց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ արդյունաբերության, ծառայությունների եւ գյուղատնտեսության ճյուղերում կան որոշակի նվազումներ: Ուստի այս պահին կատարված կանխատեսումների համաձայն՝ 2021-ին տնտեսական աճը կկազմի 1.4 տոկոս:

Հարցին՝ ի՞նչ նորություն կա ԱԺ կողմից ընդունված այն նախագծից, որով բանկերը պատերազմում զոհված եւ վիրավորված զինծառայողների եւ նրանց հարազատների վարկերը ներելու դեպքում կազատվեն դրանց համար վճարվելիք շահութահարկից, Գալստյանը պատասխանեց.

«Իմ ունեցած վերջին տեղեկատվության համաձայն՝ բանկերը բավականին մեծ թվով վարկեր կա՛մ վերանայել են, կա՛մ ներել են: Մասնավորապես՝ շատ մեծ քանակի ներվել է զոհվածների եւ նրանց հարազատների վարկերը. իմ ունեցած վերջին տվյալներով՝ մոտ 2 մլրդ դրամի չափով: Մեր գնահատականներով՝ այդ պրոցեսները դեռեւս շարունակվելու են, եւ մոտավորապես 3 մլրդ դրամի վարկ համակարգը իր միջոցների հաշվին, առանց որեւէ աջակցություն ստանալու ներելու է մեր զոհված կամ վիրավոր հայրենակիցների ընտանիքներին եւ նրանց հարազատներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ