ՔԿ-ն Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու մասին հաղորդում է ստացել, վարույթ նախաձեռնելու հիմքերն են ուսումնասիրվում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի վարույթով մեղադրյալ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Քննչական կոմիտեում։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ այժմ քրեական վարույթի նախաձեռնման հիմքերն են ուսումնասիրվում և քննչական ենթակայության հարցն է լուծվում։

Ավելի վաղ Վարդանյանի փաստաբան Մելիքյանը հայտնել էր, որ Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է քաղաքական հիմքով թշնամանք և անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով:

Սամվել Վարդանյանին տեղափոխել են Շենգավիթի դատարան, նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի:

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի երիտասարդ հասարակական տրանսպորտում սադրում է Ասլանյանին, փորձում արգելել, որ նա իջնի, պատգամավորի հասցեին հնչեցնում անձը վիրավորող արտահայտություններ:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, երիտասարդը ձերբակալվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ