100 մետր մի ուղղությամբ, 1 կմ՝ մյուս, էլ կարևոր չէ, ԼՂ-ից հետո խաղաղության պայմանագրի կնքման համար խոչընդոտ չկա. Պուտին

Ղարաբաղյան իրադարձություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի խոչընդոտ չի տեսնում Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագրի կնքման համար։

Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Ղրղզստան կատարած այցի արդյունքները։

«Ես ասացի, որ պատրաստ կլինենք նպաստել խաղաղ բանակցությունների վերսկսմանը՝ խաղաղության համաձայնագրի կնքման հույսով: Մենք բոլոր գործընկերներին հրավիրեցինք հավաքվել Մոսկվայում»,- հայտարարել է Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի՝ այդ առաջարկի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղյակ են։

«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է, ուղղակի ես չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղ պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ սահմանազատման հետ կապված կան զուտ տեխնիկական հարցեր։

«Կարծում եմ՝ այնտեղ հարյուր մետր մի ուղղությամբ, մեկ կիլոմետր՝ մյուս ուղղությամբ, դա արդեն կարևոր չէ, երկու կողմից էլ բարի կամքով կարելի է այս ամենը անել և անցնել հաջորդ քայլերին: Ինչպես ժամանակին պայմանավորվել էինք, առևտրատնտեսական կապերի զարգացման և ենթակառուցվածքային նախագծերի զարգացման մասին է խոսքը»,- եզրափակել է Պուտինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ