Պուտինը, «նեղացած հարսի պես», ամեն անգամ կրկնում է նույն բանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ առիթը բաց չի թողել՝ ասելով, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ԼՂ հարցում իրավիճակը փոխել, երբ Պրահայում ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս:

Ամեն անգամ այս հայտարարությունը անելիս, սակայն Պուտինը «մոռանում» է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ինքն էր անձամբ ասել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում։

«ԼՂ Ադրբեջանի մաս դարձավ այն բանից հետո, երբ անցյալ տարի Պրահայում Հայաստանի վարչապետը հայտարարություն հնչեցրեց, որն արմատապես փոխեց իրավիճակը։ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», — ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ մասնավորապես ասել է ՌԴ նախագահը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ անթաքույց «սիրախաղ» սկսած Պուտինը, անդրադառնալով նախկին տասնամյակներին վարվող արցախյան հակամարտության բանակցային գործընթացին, ասել է, թե «տարբերությունն այն է, որ այդ ժամանակ առանցքային էր Արցախի կարգավիճակի հարցը, իսկ ՀՀ նոր ղեկավարությունը այդ թեման վերջնականապես փակեց՝ ԼՂ ճանաչելով Ադրբեջանի մաս»։

«Նախկին տասնամյակների ընթացքում բազմիցս մոտ ենք եղել ԼՂ հարցով համաձայնության կայացմանը։ Խնդիրն այն էր, որ պայմանավորվում էինք, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, բայց կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ասում էր, որ չի կարող այդ հանրաքվեի համար ժամկետներ նշել, որովհետև եթե այդ ժամանակվա պայմաններում հանրաքվե անցկացվեր, անկախ դրա ժամկետներից՝ այն կանցկացվեր հենց հաջորդ օրը, թե անգամ 20 տարի անց, հանրաքվեի արդյունքը հասկանալի էր՝ ինչպիսին էր լինելու, այդ պատճառով էլ առաջարկվում էր այդ հարցի լուծումը թողնել ապագա սերունդներին։ Հայկական կողմը, ընդհակառակը, պնդում էր, որ հանրաքվեի անցկացման ժամկետ սահմանվի, իսկ այդ հանրաքվեով էլ՝ հստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը, որովհետև նրանք նույնպես ելնում էին այն հանգամանքից, որ եթե հանրաքվեն անգամ 20 տարի հետո անցկացվի, այսօրվա բնակչության կազմը հաշվի առնելով՝ արդյունքն ակնհայտ էր լինելու։ Ահա սա էր խնդիրը, սրա շուրջ էր ամեն ինչ պտտվում, սա էր մեխը՝ կարգավիճակը հստակեցումը»,- ասել է նա:

Իսկ հիմա, նրա խոսքով, իրավիճակն այլ է՝ անցյալ տարի ՀՀ գործող իշխանությունը այդ թեման փակել է։

«ՀՀ ղեկավարությունն այդ թեման փակեց ու ասաց՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ու նախանշեց նույնիսկ քառակուսի կիլոմետրերը և հղում արեց 1991 թվականի պայմանագրին, երբ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների պետական սահմանները այն տեսքով էին, որը գոյություն ուներ ԽՍՀՄ-ում։ Վերջ, թեման փակվեց»,- ասել է ԼՂ խաղաղապահ առաքելություն ուղարկած ՌԴ նախագահը, որոնք նպաստեցին ԼՂ-ի հայաթափմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ