Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ սահմանը հատած Բաբիրովի դատավճռին՝ միջազգային հանրությանը կոչ անելով ճնշում գործադրել Հայաստանի վրա

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ պետական սահմանը հատած զինծառայողների գործերին։ Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՛՛խստորեն դատապարտում է՛՛ ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ ՛՛Հայաստանում կազմակերպված դատավարությունը, ինչպես նաև այն դատավճիռը, որի հիման վրա Բաբիրովը դատապարտվել է ազատազրկման՛՛:

Բացի այդ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշում է. ՛՛Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն իր պատասխանատվությունն ու շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ՛՛:

Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել ՛՛լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ադրբեջանցի զինվորներին հնարավորինս շուտ ազատ արձակելու համար՛՛:

Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ Դատարանի՝ մայիսի 4-ի դատավճռով Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով:

Հավելենք, որ նա մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաև սահմանով զենք-զինամթերք տեղափոխելու մեջ։ Մեկ այլ ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել, և նրա գործով հետաքննությունը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ