«Հարյուրավոր մարդիկ, որոնք մնացել էին դեպի Արցախ գնացող ճանապարհին, տեղավորվել են Գորիսի հյուրանոցներում». Սյունիքի մարզպետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչի հետևանքով շուրջ 1100 մարդ մնացել էր ճանապարհին՝ ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում` 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։

Նշենք, սակայն, որ ճանապարհին մնացած բոլոր քաղաքացիները, հիմնականում Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ, տեղավորվել են Գորիսի հյուրանոցներում։

Civic.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ իրենք օգնում են, որպեսսզի այդ մարդկանց գիշերակացը և սնունդն ապահովվի:

«Այս պահին հարյուրավոր մարդիկ, որոնք մնացել էին դեպի Արցախ գնացող ճանապարհին, գտնվում են միայն Գորիսում, քանի որ այնտեղ ծառայություններն ավելի հարմար են, բայց եթե մեր արցախցի բարեկամները, որոնք գտնվում են Երևանում և այնտեղ ունեն բարեկամներ կամ ընկերներ, ցանկալի է, որ չգան հասնեն Տեղ համայնք, որովհետև հյուրանոցները ևս սահմանափակ են, այնպես չլինի, որ այստեղ խնդիրներ ունենանք։ Մենք այս պահին որոշակի ֆինանսական աջակցություն ենք տրամադրում հյուրանոցներին, ոչ թե քաղաքացիներին, որպեսզի իրենք կարողանան պահել մարդկանց։ Իսկ «Միրհավ» հյուրանոցը հրաժարվել է որևէ ֆինանսական աջակցությունից, ասել են որ իրենք իրենց միջոցներով կհոգան այդ մարդկանց կարիքները։ Այս փուլում դեռ որևէ խնդիր չկա։ Մարզպետարանը հոգում է բոլոր խնդիրները, այստեղ էր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Թե՛ համայնքապետարանները, թե՛ մարզպետարանը և թե նաևՍյունիքի ընտանիքները կանեն առավելագույնը, որպեսզի մեր արցախցի բարեկամները հնարավորինս չտուժեն։ Մենք Արցախի կողքին ենք»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Նա նշեց, նաև այդ խմբում շատ երեխաներ կան, որ տարբեր մրցույթների մասնակցելու համար էին Երևան եկել, նրանց ուղեկցող ուսուցիչներ կան, նաև կան մարդիկ, որոնք առողջական խնդիրներով են Երևան եկել։

«Իրականում Արցախում շատ ծանր է հումանիտար վիճակը, օրինակ, կա մայր, որը մեկ օրով եկել էր Երևան, թողել էր փոքրիկ երեխաներին և հիմա չի կարողանում վերադառնալ։ Բազմաթիվ այսպիսի խնդիրներ ունենք, հույս ունենանք, որ շատ արագ կլուծվեն։ Ասեմ նաև, որ մեր արցախցի բարեկամների կարիքները հոգում ենք ինչպես պետական միջոցներով, այնպես էլ «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամին» ուղարկված հավելյալ միջոցներով, որը փոխանցվել է ԶՊՄԿ-ից, «Աժդահակ» կազմակերպությունից, և «Ոսմար» կազմակերպությունից, ինչպես նաև կան բազմաթիվ սյունեցիներ, որոնք նույնպես գումար են փոխանցում։ Բնականաբար, համայնքապետարանների նաև Գորիսի համայքնանպետարանի հետ համատեղ այս խնդիրները լուծում ենք»,- եզրափակեց մարզպետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ