Կենդանուն կապի վրա պահելու սահմանափակում և բռնության արգելքներ. ի՞նչ է առաջարկվում կենդանիների մասին օրենքի փաթեթում

 

Ազգային ժողովում քննարկվում է օրենքների նախագծերի փաթեթ (Պ-1356-14.05.2026-ՏՏԳՇ-011/0), որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Վարչական դատավարության օրենսգրքում և «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում։ Սակայն շատերը չգիտեն, որ 2026 թվականի հունիսի 18-ի N 869-Լ որոշմամբ կառավարությունը հաստատել է այս փաթեթի վերաբերյալ իր առաջարկություն-կարծիքը և ներկայացրել Ազգային ժողով։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, փաթեթը դեռ նախագծի փուլում է, և ստորև ներկայացված դրույթները՝ թե՛ նախագծի, թե՛ կառավարության դիրքորոշման մասով, վերջնական չեն։

Թափառող կենդանիների ստերջացման ծրագիրը

Քննարկվող կարգավորումներից է թափառող կենդանիների վերարտադրությունը սահմանափակելու ծրագիրը, որը ենթադրում է կենդանիների բռնելը, ստերջացումը, պատվաստումը և նույն տարածք վերադարձը։ Կառավարությունն առաջարկում է այս ծրագիրն ամրագրել առանձին, հստակ ձևակերպմամբ։

Կենդանուն կապի վրա պահելու սահմանափակումը

Նախագծով առաջարկվում է արգելել կենդանուն օրվա ընթացքում 12 ժամից ավելի կապի վրա պահելը, իսկ Վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությամբ՝ դրա համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։ Կառավարությունն իր կարծիքում այս կարգավորումը խնդրահարույց է համարում՝ մասնավորապես գյուղական բնակավայրերում իրենց բակում կենդանի պահողների, ինչպես նաև ագրեսիվ վարք ունեցող կենդանիների դեպքերի համար։

Առաջարկվող նոր արգելքները

Կառավարությունն առաջարկում է օրենքում ավելացնել նոր արգելքներ, մասնավորապես՝ կենդանիների օգտագործումը զվարճանքի նպատակով այնպիսի ձևերով, որոնք առաջացնում են սթրես կամ բնական վարքի խաթարում, ինչպես նաև կենդանիների նկատմամբ բռնության տեսանյութերի նկարահանումը կամ տարածումը։

Շների պահման կանոնները

Նախագծով նախատեսվում է, որ շներ պահողներն իրավունք ունեն դրանք ազատ արձակել միայն իրենց սեփականության կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում։ Կառավարությունն առաջարկում է լրացում՝ թույլ տալով շներին ազատ արձակել նաև համայնքային կամ մասնավոր շների զբոսայգիներում։ Քննարկվում է նաև երեքից ավելի շուն պահելու համար տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնությունը ստանալու պահանջը, որի ձևակերպումը կառավարությունն առաջարկում է համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։

Հանրային հայցի (actio popularis) հարցը

Փաթեթով առաջարկվում է կենդանիների պաշտպանության ոլորտում ներդնել հանրային հայցի (actio popularis) ինստիտուտը՝ հասարակական կազմակերպություններին վերապահելով հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունք։ Ներկայումս նման մոտեցումը նախատեսված է միայն շրջակա միջավայրի պահպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործերով։ Կառավարությունն իր կարծիքում առաջարկում է այս փուլում նման հնարավորություն չնախատեսել՝ նկատի առնելով վարչական դատարանների ծանրաբեռնվածության հնարավոր ավելացումը և արդեն գործող արտադատական մեխանիզմները։

Ամփոփելով՝ պետք է նշել, որ կենդանիների պաշտպանության օրենսդրական փաթեթը դեռ քննարկման փուլում է Ազգային ժողովում, իսկ կառավարությունը ներկայացրել է իր առաջարկություն-կարծիքը՝ մի մասը սատարելով ու ճշգրտելով, մյուս մասով՝ վերապահումներ հայտնելով։ Վերջնական կարգավորումը կախված է Ազգային ժողովի կողմից փաթեթի ընդունումից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ