![]()
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Ռուսաստանում թոքային ժանտախտի ծավալման վերաբերյալ հրապարակումներին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք որևէ գործողություն արվում է այս ուղղությամբ:
«Արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբն ակտիվ մոնիթորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչ տեղեկատվություն է հասանելի։ Մենք, իհարկե, հետևելով այս տեղեկատվության հետագա լրացմանը, ըստ աստիճանակարգի կկիրառենք անհրաժեշտ խստացված հսկողություն, ջերմաչափում նրանց նկատմամբ, ովքեր գալիս են Հայաստան, և անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը պատրաստ է՝ ըստ աստիճանակարգի կիրառման։
Այս պահին նաև աշխատում ենք ԱՀԿ-ի հետ՝ որպես այս ոլորտում գիտական և ուսումնական առումով ամենաօպերատիվ աշխատող կազմակերպության, որը մեզ էլ տեղեկատվություն է տրամադրում։ Իհարկե, պետք է ուղիղ աշխատենք և աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ ամբողջովին հասկանալու պատկերը։
Եվ ամբողջովին պատրաստ լինելու համար, եթե այս ամբողջ տեղեկատվությունը, կասկածները և ընթացքը շարունակվեն, և մեր մտահոգությունները տեղին լինեն, ապա, այո, այս հիվանդությունը բավական ծանր է։ Թոքային ժանտախտի տեսակը փոխանցվում է օդակաթիլային եղանակով՝ սերտ շփման պարագայում, և եթե ճիշտ ժամանակին համապատասխան հակաբիոտիկներով բուժում չիրականացվի, ապա դրա մահացության ռիսկը բավական բարձր է։
Այնպես որ, մենք շատ ուշադիր և զգոն ենք այս հարցի հետ կապված, և բոլոր աշխատանքները համակարգված ձևով իրականացնում ենք»,- ասաց Ավանեսյանը։
![]()