![]()
Հայաստանի պաշտպանության նախարարի հրաժարականը պահանջելու կամ հորդորելու սուբյեկտները «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը չեն, դրա համար խորհրդարանում կա կարգ, եթե նման ցանկություն ունեք կազմակերպեք ես էլ կգամ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին, իմ կողմից էլ ասելիք կունենամ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից իր հրաժարականի պահանջի մասին հարցին:
«Ինչ վերաբերում է հորդորելուն. Բնական է, ես էլ պետք է հորդորեմ Արթուր Խաչատրյանին ստեր չտարածել: Նարեկ Կարապետյանին կհորդորեմ բանակի մասին կամ անվտանգային համակարգի մասին խոսելիս հիշել նախընտրական փուլի իմ հորդորները: Նախ անհրաժեշտ է գնալ և փորձաքննության ենթարկվել, ՀՀ քաղաքացուն ապացուցել, որ դուք բանակից չեք ճողոպրել»,-ասաց նախարարը:
Պապիկյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ բանակում տեղ գտած պատահարները բաժանվում են ծառայության հետ կապ ունեցող և չունեցող դեպքերի:
«Ավելին ասեմ, ծառայության հետ կապ ունեցող դեպքերը կարելի է բաժանել մի քանի խմբի: Այսինքն ծառայության ընթացքում մահը, որը կարող է տեղի ունենալ սրտի կաթվածից, ճանապարհատրանսպորտային միջադեպից և այլ նման դեպքերից, որոնք որևէ կապ չունեն կանոնադրային հարաբերությունների կամ քրեական ենթամշակույթի հետ, բայց քանի որ մեր շատ սիրելի ընդդիմությունը, իրենց հորդորով, ցանկությամբ կամ կենտրոնի հրահանգով, այդ ամենը ներկայացնում են ցունամիի տեսքով, բնականաբար ամեն ինչ խառնվում է իրար»,-ասաց Պապիկյանը:
![]()