Գոհ եմ Պապիկյանի աշխատանքից, որովհետև ձեր իշխանության թողած «некондиционный» բանակը այնպիսինն է, ինչպիսին տեսանք հրապարակում. Փաշինյան

Գոհ եմ Սուրեն Պապիկյանի աշխատանքից, որովհետև ձեր իշխանության թողած «некондиционный» (ստանդարտներին չհամապատասխանող) բանակը, ըստ էության, սպառված զինատեսակներով բանակը հիմա այնպիսին է, ինչպիսին մենք տեսել ենք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի հարցին:

Փաշինյանը հիշեցրեց, որ այժմ գոյություն ունի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որով հազարավոր երիտասարդներ պայմանագրային ծառայություն են իրականացնում և ոչ միայն անվտանգային խնդիր են լուծում, այլև շատ լայն սոցիալական հարցեր են կարգավորվում:

«Ինչ վերաբերում է հարցի այն մասին, թե արդյոք մեր աշխատանքը կատարյալ է, ապա՝ ոչ, մեր աշխատանքը կատարյալ չէ: Մեր աշխատանքում կան բազմաթիվ բացեր և թերություններ և մենք շարունակաբար աշխատում ենք այդ բացերի ու թերությունների վրա՝ այդ թվում ամեն դեպքի համար տալով կոնկրետ լուծումներ: Ըստ էության, եթե ձեզ լսենք, մյուս խմբակցության ներկայացուցիչներին լսենք, որ ասաց. «Զենքերն առել եք, ինչի համար եք առել այդ զենքերը, երբ որ Շաքիում այդ դեպքը տեղի է ունենում», տրամաբանական բան է դառնում, այսինքն՝ եթե դուք լինեիք այդ զենքերը հանելու էիք և սկսելու էիք կիրառել: Հիմա ձեր հայտարարությունը այդ է, ինչ եք անում, երկու օր է ուղերձներով դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում: Այսօր ռազմական դրություն չեք հայտարարում միայն այն բանի պատճառով, որ այդ լիազորությունը չունեք»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը, թե հուսով է, որ առաջիկայում նաև կլսեն վարչապետի հրաժարականի մասին, Փաշինյանը ասաց. «Նախկինում, երբ հրաժարական եմ տվել դա ոչ մի լավ բան չի նշանակել ընդդիմության համար: Այնպես որ, եթե դուք մի օր լսեք իմ հրաժարականի մասին, իմացեք, որ դուք այս դահլիճում չեք լինելու: Խորհուրդ կտայի առանձնապես այդ մտքով չոգևորվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ