Ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու․ պարգևատրվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է մեդալակիրներին ու մարզչական անձնակազմին՝ ընդգծելով, որ այժմ հավաքականում առկա առողջ մթնոլորտն ակնհայտ է բոլորի համար։

«Ցավոք չկարողացա ներկա լինել Եվրոպայի առաջնությանը, սակայն այն ինչ տեսա թիմում, որակական նոր իրավիճակ է: Տեսնում եմ, որ այս ընթացքում բարոյահոգեբանական վիճակը թիմում լավ է, թիմը կենտրոնանում է իր անելիքի վրա ու առաջնայինն արդյունքն է: Ֆեդերացիան մեծապես գնահատելու է մեր մարզիչների ու մարզիկների աշխատանքն այդ տրամաբանությամբ: Դրվելու է նպատակ ու մենք տարվա վերջին գնահատելու ենք` հասել ենք այդ նպատակին, թե ոչ: Եվրոպայում մենք ամենաուժեղն ենք, Եվրոպայում ամենաշատ մեդալներն ենք նվաճում, բայց իմ կարծիքով, արդեն ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու»,- ընդգծեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ