Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Արարատ Միրզոյան

«Այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ, բայց ես ասել եմ, որ այս գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»:

Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև համագործակցությունն արտահայտվում է մի շարք նախաձեռնություններով, այդ թվում՝ ուսանողների կրթաթոշակային ծրագրերով, Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգմամբ և գործարար համաժողովների կազմակերպմամբ։

Միրզոյանը տեղեկացրել է, որ Կարսում անցկացված հայ-թուրքական գործարար համաժողովի հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Հայաստանում հաջորդ տարվա սկզբին։ Նրա խոսքով՝ առաջին համաժողովի նկատմամբ երկու երկրների գործարարների հետաքրքրությունը մեծ է եղել։

Նախարարը կարևոր առաջընթաց է համարել նաև առևտրի մաքսային ընթացակարգերի փոփոխությունը։

«Չնայած ողջ առաջընթացին և դրական դինամիկային՝ այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ։ Բայց այս գործընթացն այնքան է հասունացել, և կողմերը բազմաթիվ հարցերի շուրջ ունեն այնպիսի լավ փոխըմբռնում, որ ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»,- ասել է Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ