«Մեր փողն է, մեր ՀԷՑ-ը»․ երբ սեփականատերը օրենքից վեր է դասում իրեն

Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարությունը ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ոչ միայն ուշագրավ է, այլև բացահայտում է մի մտածելակերպ, որը լուրջ հարցեր է առաջացնում սեփականության, պատասխանատվության և օրենքի նկատմամբ վերաբերմունքի մասին։

Նրա տրամաբանությունը մոտավորապես հետևյալն է՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի սեփականությունն է, հետևաբար ինչպե՞ս կարող է սեփականատերը չարաշահումներ կատարել սեփական ընկերությունում։

Բայց այստեղ մի պարզ հարց կա՝ արդյո՞ք սեփականատեր լինելը որևէ մեկին ազատում է օրենքի պահանջներից։

Եթե ընկերությունը պատկանում է քեզ, դա դեռ չի նշանակում, որ ընկերության միջոցները կարող ես օգտագործել ինչպես ցանկանաս։ ՀԷՑ-ը սովորական ընտանեկան դրամապանակ չէ, որտեղ սեփականատերը կարող է գումար դնել, հանել կամ տնօրինել՝ առանց որևէ հաշվետվության։

Խոսքը ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ընկերության մասին է, որի գործունեությունն առնչվում է միլիոնավոր սպառողների, հանրային ծառայությունների և պետության տնտեսական անվտանգությանը։

Ավելին՝ եթե ընդունենք Կարապետյանի ներկայացրած տրամաբանությունը, ապա ստացվում է, որ խոշոր բիզնեսի սեփականատերը պետք է հաշվետու լինի միայն ինքն իրեն։ Իսկ պետության վերահսկողությունը, օրենքը, ֆինանսական թափանցիկությունն ու հանրային շահը որտե՞ղ են մնում։

«Մերն է» արտահայտությունը չի կարող դառնալ իրավական պատասխանատվությունից խուսափելու վահան։ Ընկերության սեփականատերը կարող է ունենալ սեփականության իրավունք, բայց չունի օրենքից վեր կանգնելու իրավունք։

Անընդունել է՝ չարաշահումների կամ փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքներն անհիմն հայտարարել միայն այն պատճառով, որ ընկերությունը պատկանում է տվյալ անձին։

Հայաստանը պետք է վերջնականապես հրաժարվի այն մտածելակերպից, թե խոշոր սեփականատիրոջ ունեցվածքը մի առանձին աշխարհ է, որտեղ օրենքները չեն գործում։

ՀԷՑ-ը կարող է պատկանել մասնավոր սեփականատիրոջը, բայց Հայաստանի օրենքները պատկանում են բոլորին։ Եվ ոչ մի «մեր փողը, մեր ընկերությունը» տրամաբանություն չի կարող փոխարինել հանրային հաշվետվողականությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ