![]()
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՌԴ-ում «Ջերմուկ» հանքային ջրի մոտ 1,1 մլն շշի վաճառքի արգելքին։
«ՌԴ-ն արգելեց «Ջերմուկի» հերթական՝ 1 միլիոն շիշ խմբաքանակը։ Ակնհայտ է, որ այս արգելքը նպատակ ունի միջամտել ՀՀ ընտրական գործընթացին և պատժել ապրանքանիշի սեփականատիրոջը։ Այն, միանշանակ, կհանվի հունիսի 7-ի քվեարկությունից հետո։
Ակնհայտ է, որ ՌԴ-ն ընտրություններից հետո ստիպված է լինելու վերականգնել Հայաստանում կորցրած դիրքերը՝ հետպատասադյան Սիրիայի օրինակով։
Մենք դատապարտում ենք հայ արտադրողի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլ և պատրաստ ենք անել հնարավորը՝ նրա շահերը պաշտպանելու, տեղի ունեցածը մեր արևմտյան գործընկերներին հասցնելու և հայկական արտադրանքի համար նոր շուկաներ գտնելու ուղղությամբ։
Աներկբա է, որ «Ջերմուկ» ապրանքանիշի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղված է ոչ միայն մեր տնտեսության, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։
Շատ ցավալի է, որ ՀՀ խորհրդարանական ուժերը, անգամ իրենց լիազորությունների շրջանակում, չեն փորձում աջակցել հայ արտադրողին»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ «Ազնիվ նշան» պիտակավորման համակարգն արգելափակել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը: «Ռոսպոտրեբնադզորից» տեղեկացրել են, որ նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։
![]()