Եթե նույնիսկ Սամվել Կարապետյանի շնորհիվ ձախողվել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, դրա հպարտանալու առիթը ո՞րն է. Միրզոյան

«Մենք անշուշտ ընդդիմության մեջ ունենք մարդիկ, որ ակնհայտորեն ԹՐԻՓՓ-ի շուրջ համաձայնագիրը չեն կարդացել: Երկրորդ անշուշտ մարդիկ ունենք, որ կարդացել են ու չեն հասկացել: Երրորդ անշուշտ ունենք գործընկերներ, որ կարդացել են, շատ լավ էլ հասկացել են, բայց իրենց քաղաքական առաջադրանքն է ասել այլ բան»: Այս մասին Ազգային ժողովում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում, հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցերին:

Նախարարն ընդգծեց, որ կա իրավիճակ, երբ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ԹՐԻՓՓ-ի և Խաղաղության պայմանագրի մասին դրական գնահատականներ է հնչեցնում, սակայն այդ նույն խմբակցությունից մեկ այլ պատգամավոր ասում է մեկ այլ բան:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի գործունեության շուրջ իր ավելի վաղ հնչեցրած գնահատականների մեկնաբանություններին ԱԳՄԱ նխարարը նշեց. «Ես չեմ ասել Սամվել Կարապետյանը հայ չէ: Ես ասել եմ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է: Ես կարծում եմ, որ դուք ձեր մտքի ամենապայծառ երևակայությունն էլ, ընձեռած հնարավորություններ էլ օգտագործեք չեք կարող ժխտել, որ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է: Այդ մարդը բիզնեսներ է ունեցել և ունի Ռուսաստանում: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք նեղվում դրանից: Ասեք այո՛ մեր քաղաքական ուժի ղեկավարը Ռուսաստանի քաղաքացի է, ռուսաստանցի գործարար է: Դրանից ամաչո՞ւմ եք: Հետո, ես չեմ ասել, իրենց ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորը ասել է, որ Սամվել Կարապետյանի շնորհիվ ձախողվել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Համաձայն չեմ, որ ձախողվել է ընդհանրապես, բայց մտքիս մի բան է գալիս, եթե այս մարդը Ռուսաստանի քաղաքացի է, ռուսաստանցի գործարար է, վերջին շրջանում մեր պատմությունը ոնց նայում եմ հաջողությունների պատմություն է, միակ բանը, որ ձախողվել է այն է, որ մեր գործընկեր Ռուսաստանը հայաստանյան ապրանքների համար փակել է շուկան: Հարց եմ տալիս, ասում եմ կարող է ի նկատի ունենք, որ Սամվել Կարապետյանը նպաստել է նրան, որ ՌԴ-ն փակի մեր ապրանքների մուտքը: Լավ, եթե նույնիսկ այդպես է, դրա հպարտանալու առիթը ո՞րն է: Ինչի՞ համար եք ուրախ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ