![]()
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հերթական ձայնագրությանը:
«Հայաստանում չկա մի ընդդիմադիր գործիչ, ով չի հասկանում հրապարակվող ձայնագրությունների բովանդակության և բանակցություններում ու այնուհետև պատերազմում Հայաստանի պարտության կապը։
Մարդ վաճառողը, հայրենիքն ու պետությունն էլ կվաճառի և վաճառել է՝ հողակտոր, արոտավայր, մանկապարտեզի շենք, երկաթուղի, էլեկտրական ենթակայան, գազատար և դրանց հետ միասին որոշումներ կայացնելու իրավունքն ու ինքնիշխանությունը։
Բոլոր ընդդիմադիրները անխտիր հասկանում են, որ այդպես է տասնյակ տարիներ կերտվել պարտությունը։ Բայց իրենց անձնապես լավ է եղել՝ այ այսպիսի «բարդ» տարածաշրջան, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ և «տաղանդավոր գործարարներ»։
Սիրելի քաղաքացիներ,
խնդրում եմ Ձեզ սոցիալական ցանցերում և Ձեր առօրյա շփումներում տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի իրազեկումը մեր այն համաքաղաքացիների համար, ովքեր ընկել են Կտրիճ Ներսիսյանի հովանավորած «բարոյականության» աշխարհ։
Եւ եթե նույնիսկ ինչ-որ մեկը ինքն իրեն և մեկ այլ մարդու համոզել է, որ եթե ընտրակաշառք (այդ թվում աշխատավարձի տակ թաքնված) չտա և չվերցնի, Հայաստանը «թրքանալու» է, դրանից Հայաստանի քրեական օրենսգիրքը չի փոխվում և չարժե պետության գլուխը ուտելու անհեռանկար ձեռնարկում ուտել սեփական գլուխը։
Համաներում ևս չի լինելու, քանի որ Հայաստանում բացարձակ մեծամասնություն են այն քաղաքացիները, ովքեր մարդկանց, հայրենիքի և պետության վաճառքով չեն զբաղվում»,- գրել է Կարապետյանը:
![]()