![]()
Եվրոմիությունը մտադիր է ակտիվացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը՝ Սև ծովի նոր ռազմավարության և տրանսպորտային ու էներգետիկ կապերի զարգացման շրջանակներում։ Այս մասին հայտարարել է եվրոհանձնակատար Մարթա Կոսը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։ Նրա խոսքով՝ նոր ռազմավարության առանցքային տարրերից մեկը փոխկապակցվածության օրակարգն է, որը նպատակ ունի ամրապնդել կապերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։
«Այսօր մենք տեսնում ենք, թե որքան կարևոր և ճիշտ որոշում էր Եվրոպական հանձնաժողովի նոր Սևծովյան ռազմավարության ընդունումը, որի բաղադրիչներից մեկը փոխկապակցվածության օրակարգն է։ Դրա միջոցով մենք զարգացնում ենք համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ ավելի լավ կապելու համար»,- նշել է Կոսը։
Նա ասել է, որ խոսքը նախևառաջ առևտրի և էներգետիկ երթուղիների զարգացման մասին է։ «Մենք տեսնում ենք, թե որքան խոցելի ենք այսօր, երբ հյուսիսում առևտրային երթուղիները խաթարված են Ռուսաստանի պատճառով, իսկ հարավում՝ Իրանում պատերազմի հետևանքով։ Այդ պատճառով ներկայում հասանելի երթուղին հենց այն է, ինչ մենք իրականացնում ենք փոխկապակցվածության օրակարգի շրջանակում»,- հայտարարել է եվրոհանձնակատարը։
![]()