![]()
Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Թուրքիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Անթալիա և մասնակցությունն Առաջնորդների գագաթնաժողովին:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին միջոցառման լավ կազմակերպման առիթով։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Փաշինյանը նաև ցավակցություն է հայտնել Իզմիրի մետաղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ:
![]()
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը: Այդ առումով կողմերը կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանը միտված քայլերին:
![]()