Արամ Մանուկյանը ԹՐԻՓՓ-ի մասին կեղծ պնդումներ է արել

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Civilnet-ի տաղավարում մի շարք պնդումներ է արել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ:

Մանուկյանը, մասնավորապես, պնդել է, թե ԹՐԻՓՓ նախագծի իրականացման տարածքում Հայաստանը դե յուրե կորցնում է իր ինքնիշխանությունը․ լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք նախագիծը դառնալու է ոչ թե հաղորդուղի, այլ միջանցք, Մանուկյանը պատասխանում է՝ «բա ի՞նչ ա դառնալու»:

«Էդ ամեն ինչը մեր վերահսկողությանից դուրս ա գալիս, դա դառնում ա իրենց տարածքը․․․: Հայաստանի տարածքով Ադրբեջանի վերահսկողությամբ գնալու է երկաթուղի, ճանապարհ, գազատար, էլեկտրական գծեր ․․․․»,- ասել է նա:

Հարցազրույցի մեկ այլ հատվածում էլ Մանուկյանն ասում է, թե իբր ստորագրված փաստաթղթերում «գրված ա որ միայն ադրբեջանական վերահսկողությամբ [է լինելու]»:

Թեմայի վերաբերյալ Մանուկյանը ևս մեկ պնդում է անում․ նա վստահեցնում է, թե որևէ տեղ արձանագրված չէ, որ Ադրբեջանը ևս բացելու է իր ճանապարհներն ու հաղորդուղիները Հայաստանի համար:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԹՐԻՓՓ նախագծի հռչակագիրը, շրջանակային համաձայնագիրը՝ համադրելով դրանք Մանուկյանի պնդումների հետ:

ԹՐԻՓՓ-ը միջանք չէ, այն վերահսկելու է ՀՀ-ն

Արամ Մանուկյանի պնդումները, թե ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքը դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից և դառնալու է ադրբեջանական վերահսկողությամբ միջանցք, չեն համապատասխանում հրապարակված փաստաթղթերի դրույթներին։

2026 թվականի մայիսի 26-ին հրապարակված՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագրում հստակ ամրագրված է, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում նախագծի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ։

Ավելին, համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի իշխանությունները պահպանում են լիակատար լիազորությունները երկրի ինքնիշխան տարածքում և առաջնահերթ իրավասություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ իրավիճակների դեպքում։

8-րդ հոդվածով էլ ամրագրվում է, որ Հայաստանը պահպանում է իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Մասնավորապես, հայկական կողմի պատասխանատվության ներքո են մնում սահմանային անվտանգությունը, իրավապահ գործառույթները, մաքսային և ներգաղթային հսկողությունը, հարկերի և տուրքերի գանձումը, պետական տեղեկատվական համակարգերն ու վարչական վերահսկողությունը։

Միաժամանակ, համաձայնագրով նախատեսվում է ստեղծել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն, որտեղ ամերիկյան կողմը կունենա 74%, իսկ Հայաստանը՝ 26% մասնակցություն։ Ընկերությանը նախատեսվում է տրամադրել հողօգտագործման և զարգացման բացառիկ իրավունքներ՝ նախնական 49 տարի ժամկետով։

Սակայն, ենթակառուցվածքների կառավարման և շահագործման իրավունքների տրամադրումը չի նշանակում տարածքի նկատմամբ պետական ինքնիշխանության փոխանցում։
Համաձայնագրով Ադրբեջանի վերահսկողություն ԹՐԻՓՓ-ի տարածքի նկատմամբ նախատեսված չէ, նման բան ինչպես պնդում է Մանուկյանը, որևէ տեղ գրված չէ  պնդումը հիմնովին սխալ է:

Այսպիսով, Մանուկյանի պնդումները, թե Հայաստանը դե յուրե կորցնում է ինքնիշխանությունը ԹՐԻՓՓ-ի տարածքում, իսկ հաղորդուղիներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ, հակասում են համաձայնագրի հստակ դրույթներին․ փաստաթղթով նախատեսված է ենթակառուցվածքների կառավարման մոդել, ոչ թե Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքի փոխանցում Ադրբեջանին։

Բաքուն ևս պարտավորվել է բացել հաղորդուղիները

Արամ Մանուկյանի մյուս պնդումը, թե որևէ փաստաթղթում արձանագրված չէ Ադրբեջանի կողմից Հայաստանի համար հաղորդուղիների բացումը, նույնպես չի համապատասխանում հրապարակված փաստաթղթերի բովանդակությանը։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրի 3-րդ կետով կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար։

«Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով», — ասվում է համաձայնագրում։
Բացի այդ, 2026 թվականի հունվարին հրապարակված՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակում ևս ընդգծվում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և փոխադարձության սկզբունքը։ Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի տարանցիկ հնարավորությունների ընդլայնում և տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացում։

Այդուհանդերձ, կարևոր է տարբերակել հաղորդուղիների փոխադարձ բացման վերաբերյալ քաղաքական հանձնառությունը դրա իրականացման կոնկրետ մեխանիզմներից․ վաշինգտոնյան հռչակագրում ամրագրված է երկկողմ հաղորդակցությունների բացման սկզբունքը, սակայն մանրամասն սահմանված չեն Ադրբեջանի տարածքով Հայաստանի փոխադրումների բոլոր երթուղիներն ու գործնական պայմանները։

Փաստացի, Մանուկյանի պնդումը, թե որևէ փաստաթղթում արձանագրված չէ Հայաստանի համար հաղորդուղիների բացումը, սխալ է։ Վաշինգտոնյան հռչակագրով երկու երկրները հաստատել են հաղորդակցությունների բացման և փոխադարձ օգուտների սկզբունքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ