![]()
«Հեղափոխությունից հետո ամենամեծ փոփոխությունը, որ կատարվել է՝ կաշառքի պետական հովանավորչության բացառումն է, չկա կաշառքի խթանման ինստիտուտը»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:
Ըստ Խալաթյանի՝ 20 տարուց ավելի կաշառակերության հակամշակույթն իր խորն արմատներ է ձգել հասարակության մեջ, որից ազատվելու համար տասնամյակների անդուլ աշխատանք պետք է լինի. «Մինչ այդ մենք կունենանք կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումներ, որոշները կբացահայտվեն, որոշները՝ ոչ, բայց միակ երաշխիքն առ այն, որ բոլոր դեպքերում կոռուպցիան այլևս դարձել է վտանգավոր այն կատարելուն հակված շրջանակների համար նաև այն է, որ իշխանության կողմից չկա թողտվություն կամ հովանավորչություն նման արարքների համար: Տեսնում ենք, որ բոլոր դեպքերում իրավապահ մարմինները բավականին աչալուրջ են, սակայն չի բացառվում, որ որոշ դրվագներ այդուհանդերձ մնացել են իրավապահ մարմինների տեսադաշտից դուրս, բայց անգամ բացահայտված գործերի այն թվաքանակը, որը տեսնում ենք, ցույց է տալիս, որ հստակ ազդակ կա առ հասարակություն և առ այդ շրջանակներ, որ իրենց վարքագիծը պետության կողմից անհանդուրժելի է և գտնվում է պետության հսկողության տակ»:
Անդրադառնալով օրեր առաջ ընտրակաշառքի գործով ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի ձերբակալությանը, ով ծծկեր երեխա ուներ՝ Խալաթյանը նշեց. «Խնամքի երեխա ունենալն ընդամենը պատիժն անհատականացնող հանգամանք է, որը կարող է հաշվի առնվել պատասխանատվության տեսակը կամ պատժի չափը որոշելիս, ենթադրենք՝ 3 տարվա փոխարեն տան 1 տարի, սակայն դա չի կարող լինել քրեական պատասխանատվությունից խուսափելու արդարացում: Այն շրջանակները, որոնց հետ ասոցացվող անձինք այսօր անցել են այդ քրեական գործերով, իրենց արժեհամակարգը և նաև կառավարման փիլիսոփայությունը հիմնված է կոռուպցիայի վրա, հետևաբար իրենք պետք է արդարացումներ գտնեն հասարակության մեջ թույլ չտալու օտարում կաշառքի ինստիտուտից, որովհետև եթե իրենք գան իշխանության, կաշառքն է լինելու բոլոր մակարդակներում իրենց իշխանության լեգետիմացիայի և գործունեությունն ապահովող միջոցներից մեկը»:
Խալաթյանի դիտարկմամբ՝ դա հիբրիդային պատերազմի դրսևորումներից մեկն է. «Սա հասարակության արժեհամակարգի ձևախեղմանն ուղղված և նպատակադրված գործունեություն է, գուցե դրա անմիջական կատարողները չեն էլ գիտակցում, որ ուղղորդվում են, բայց ես կարծում եմ, որ կա հստակ դրսից հովանավորվող միտում՝ լեգիտիմացնել կաշառքը որպես այդպիսին»:
Մեր այն հարցին, թե կարող է նշված անձին միտումնավոր ընտրած լինեն՝ պայմանավորված ծծկեր երեխա ունենալու փաստով՝ իրավագետն ասաց. «Կարծում եմ՝ կարող է այդ աստիճան ծրագրավորված լինել ամեն ինչ, ես նաև կարծում եմ՝ շատ հնարավոր է, որ այդ կաշառքի գործերի բացահայտման համար կարող են անգամ պայմաններ ստեղծվել հենց քաղաքական ընդդիմադիր շրջանակների կողմից, որովհետև իրենց հաշվարկով դա կարող են օգտագործել իշխանության դեմ, այսինքն՝ իշխանությունն իր գործառույթն իրականացնի, հետո իրենք փորձեն ցույց տալ, որ իշխանությունը մոր ինստիտուտը չի հարգում, ընդդիմադիրներին է հետապնդում: Հեռախոսային խոսակցությունները բավականին բաց և անկեղծ են, ինչը ցույց է տալիս կա՛մ այդ մարդկանց քաղաքական և մարդկային տհասությունը, կա՛մ էլ դա իրոք սադրանք է նաև պետության, իշխանության դեմ»:
Խոսելով նաև այն փաստի մասին, թե արդյոք մարդիկ իրենց շուն-շանգյալ, բոշա անվանող ուժին կարող են ձայն տալ՝ Արտաշես Խալաթյանը նշեց. «Դա այդ մարդկանց անձնական խնդիրն է, ինձ համար անպատկերացնելի է, որ կարող են նրանց ընտրել, բայց չմոռանանք, որ օրինակ՝ Սամվել Կարապետյանի եղբայրը ժամանակին «Նաիրիտ»-ի ցույց անող աշխատակիցներին անվանել էր համբալ, բայց դրանից հետո Հանրապետական կուսակցությունը հաղթել էր խորհրդարանական ընտրություններում հենց կաշառքի միջոցով: Ցավոք, մեր հասարակության մեջ կան խավեր, որոնք գուցե ընդունում են, որ քաղաքական գործիչներն իրենցից կարգավիճակով բարձր են և անգամ կարող են իրենց վիրավորել, բայց դա չի նշանակում, որ չեն կարող գործարքի մեջ մտնել այդ նույն քաղաքական գործիչների հետ»:
![]()