Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ստամբուլում հրավիրված Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը:

Ելույթում Հակոբյանն ասել է․

«Մեծարգո պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Մեծ պատիվ է այս վեհաժողովին դիմել մի թեմայով, որը մեր սերնդի համար բարոյական հրամայական է:

Ես Հայաստանից եմ, մի երկրից, որը շարժվում է դեպի կայունության նոր դարաշրջան: 2025 թվականի օգոստոսի 8-ին մենք շրջեցինք պատմական էջ. Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագիրն ավելին էր, քան պարզապես կարևոր իրադարձություն: Այն փոխադարձ ինքնիշխանության հանձնառություն էր՝ ամրագրված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում: Այսօր տասնամյակների ընթացքում առաջին անգամ արդեն գրեթե երկու տարի է՝ մեր սահմաններին զոհեր չեն եղել: Զենքերի լռությունը մեր հույսի ամենահզոր ուղերձն է:

Հույսը դառնում է տևական, երբ այն իրական օգուտներ է բերում: «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) ծրագրի միջոցով մենք Հարավային Կովկասը վերածում ենք հաղորդակցության հանգույցի: Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանից բեռնատար գնացքը հասավ Հայաստան Վրաստանի տարածքով 1991 թվականից ի վեր առաջին անգամ: Մենք նաև պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարանցիկ փոխադրումներին՝ հավատալով, որ փոխկախվածությունը թշնամանքի լավագույն հակաթույնն է:

Իմ կառավարությունն ընդունել է «Իրական Հայաստանի» տեսլականը՝ մի պետություն, որը խարսխված է իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դիվանագիտությունն ընտրելով՝ մենք նաև ապահովել ենք մեր քաղաքացիների վերադարձը գերությունից:

Մոտենալով 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին՝ մեր նպատակն է խաղաղությունն ու ժողովրդավարությունը դարձնել անշրջելի: Մենք հասկացել ենք, որ մեր ճակատագրերը փոխկապակցված են: Եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի: Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ:

Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ