Ուզում են զանգ լինի Մոսկվա. որն է ՌԴ խորհրդարանի նախագահի՝ ՀՀ այցի իրական նպատակը. մանրամասնում է Ստեփանյանը

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Երևան։

Հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունն ու հավելել, թե վերջինս գալիս է Հայաստան, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդի։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, մեկնաբանելով Մատվիենկոյի այցի նպատակը, կարծիք է հայտնում՝ հայ-ռուսական հարաբերություններին նոր լիցք հաղորդելը նշանակում է նոր լիցք հաղորդել այն հանցագործություններին, որոնք իրականացվել են հայ ժողովրդի նկատմամբ, և որոնց մասնակից է եղել Ռուսաստանը։

«Չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր լիցքի կարիք ունեն։ Այն լիցքը, որի կարիքն ունենք մենք այս պահին, մեզ մի քանի տասնամյակ հերքիք է։ Եվ այն լիցքը, որը ՌԴ-ն տվել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ու Արցախի վրա, և Ռուսաստանը աչք փակեց այդ ամենի վրա, բավարար է մեզ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ստեփանյանի խոսքով՝ հատուկ նշելով «լիցք»-ը՝ ռուսական կողմը նպատակ ունի նորից քաղաքականացնել Հայաստանի հետ հարաբերությունները, քանի որ դրանք այժմ գտնվում են բացառապես տնտեսական գոտում։

Ռուսաստանը ցանկանում է վերադառնալ Հայաստանի անվտանգային մակարդակ, իսկ դա նշանակում է՝ վերադարձ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթին, նորից մասնակցություն ունենալ Հայաստանում ընդունվող որոշումներին։ Այստեղ նաև պատահական չէ Մատվիենկոյի այցը Երևան, երբ ՀՀ-ն ակտիվ քննարկումների մեջ է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում, նկատում է Ստեփանյանը։

«Ուզում են մասնակցել որոշումների կայացմանը այնպես, ինչպես մինչև 2020 թվականն էր, երբ բոլոր խնդիրները լուծվում էին Մոսկվա զանգի միջոցով, այսինքն՝ հայ քաղաքական էլիտան ցանկացած խնդիր այդպես էր լուծում։ Հետևաբար փորձեր լինելու են նաև Եվրամիության հետ հարաբերությունների վրա ազդելու համար։ Ռուսները փորձելու են անել այնպես, որ մենք մնանք ստրուկի կարգավիճակում, իրենց համար դա սովորական բան է, մեզ այդպես են դիտարկում։ Այլ հարց է, թե ինչ ընկալում ու ինչ պատասխան կստանան հայկական կողմից»,- ասում է նա։

Այդ պատասխանով, ըստ Ստեփանյանի, հայկական կողմը պետք է վերջնականապես բացի բոլոր փակագծերը և Ռուսաստանին ցույց տա, որ եթե նա չի ապահովում ՀՀ անվտանգությունը, չի ճանաչում իր սահմանները, ուրեմն ոչ մի մակարդակով ու հարթակով չի մասնակցի որևէ քննարկման և չի կարող ունենալ որևէ հարաբերություն:

«Իրականում հայ-ռուսական հարաբերությունները վերանայման կարիք ունեն, որովհետև այն բոլոր իրավապայամնագրային բազան ու փաստաթղթերը, որոնք առկա են Ռուսաստանի հետ, չեն աշխատում։ Այսօր գործող միակ ֆորմատը ԵԱՏՄ-ն է, ՀԱՊԿ-ն չի աշխատում, չի աշխատում նաև 1997 թվականի հայ-ռուսական պայմանագիրը, որը ընկած էր մեր հարաբերությունների հիմքում։ Պետք է վերաֆորմատավորել, այլ ոչ թե լիցք հաղորդել նրան, ինչը վաղուց գոյություն չունի։ Այսինքն՝ այն, ինչ մենք ունենք, դե ֆակտո, և ինչի սկիզբը դրել է ՌԴ-ն, պետք է ժամանակի ընթացքում ամրապնդվի դե յուրե, և այն, ինչ մենք փաստացի ունենք, ու ինչը ՌԴ-ն չի անում, պետք է թղթի վրա ամրագրել»,- նկատում է նա:

Ստեփանյանը ընդգծում է՝ ամեն դեպքում Ռուսաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը ժողովրդի մոտ նույնպես փոխվել է։ Հետևաբար Մատվիենկոն այցելում է այնպիսի Հայաստան, որի ժողովուրդը ռուսներին այլևս չի սիրում։

«Մենք առաջ սիրում էինք, և ժողովուրդը իրոք հավատում էր՝ Ռուսաստանը մեր փրկիչն է։ Սակայն 2020 թվականից համոզվեցին, որ դա այդպես չէ։ Կան շատ մարդիկ, որոնք հասկանում են՝ ՌԴ-ն այս պահին Հայաստանի թշնամին է, ընդ որում՝ ոչ թե մենք ենք դարձրել թշնամի, այլ ՌԴ-ն է մեզ դարձրել իր թշնամին։ Ժողովրդի կարծիքով՝ Ռուսաստանը մեզ վաճառել է Ադրբեջանին։ Երևի մի օր ի վերջո Պուտինը կլքի մեզ, կգնան շատ ավելի լավ կամ վատ աշխարհ, և այդ ժամանակ փոփոխություններ կլինի ՌԴ քաղաքական էլիտայում, և գուցե կարողանանք վերականգնել հարաբերությունները, բայց այս իշխանության պարագայում դա անհնար է։ Ինչո՞ւ է անհնար. նրանք անընդհատ ասում են՝ նոյեմբերի 9-ը, իսկ նոյեմբերի 9-ը դա Հայաստանի կապիտուլյացիան է, իսկ երկիրը, որը ցանկանում է Հայաստանի կապիտուլյացիան, չի կարող լինել մեզ բարեկամ»,- եզրափակում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ