![]()
«DigiTec 2026»-ի շրջանակում «Plug and Play Armenia»-ն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպել է գործարար հանդիպումների երեկո՝ համախմբելով ստարտափների, միջազգային ներդրողների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ու «Plug and Play Armenia»-ի տնօրեն Սոնա Գրիգորյանը։
Տաթև Ասլանյանն ընդգծել է, որ նախարարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Plug and Play» աքսելերացիոն ծրագրի հիմնական նպատակներից է հայկական ստարտափների համար միջազգային շուկաներ դուրս գալու, նոր հաճախորդներ գտնելու, ներդրումներ ներգրավելու և միջազգային մակարդակով զարգանալու հնարավորությունների ընդլայնումը։ Նա նշել է, որ Հայաստանը չպետք է սահմանափակի հայկական ընկերությունների աճի հավակնությունները․ կարևոր է, որ ստարտափները զարգանան Հայաստանում՝ միաժամանակ մտածելով գլոբալ և նպատակադրվելով ընդլայնվել միջազգային շուկաներում։
Նախարարի տեղակալը նաև հորդորել է ստարտափների հիմնադիրներին առավելագույնս օգտվել ստեղծված հնարավորություններից, ակտիվորեն շփվել ներդրողների և մենթորների հետ, ներկայացնել իրենց գաղափարներն ու լուծումները և չհուսահատվել մերժումներից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հանդիպում կարող է նոր գործընկերության, ներդրման կամ միջազգային շուկա մուտք գործելու հնարավորություն դառնալ։
Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը շնորհակալություն է հայտնել նախարարության թիմին, «Plug and Play Armenia»-ին և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԱՏՁՄ)՝ իր նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու և արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ներդրումների ներգրավման, խոշոր ընկերությունների հետ համագործակցության, մենթորական աջակցության և միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունները՝ հիմք ստեղծելով նոր գործընկերությունների և հետագա համագործակցության համար նաև «DigiTec»-ի շրջանակներից դուրս։
Անհատական գործարար հանդիպումների 9 փուլերի ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 120 հանդիպում՝ հնարավորություն ընձեռելով «Plug and Play»-ի ծրագրերի մասնակիցներին և Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը ներկայացնող այլ հեռանկարային ստարտափներին կապեր հաստատել տեղական և միջազգային մասնագետների հետ։
![]()