Պատերազմից հետո ոչ մի տող չի փոխվել գրքում. Որքան արժե Ա․ Հովհաննիսյանի «Ռազմարվեստ» գիրքը

Երեկ Գլենդելում (ԱՄՆ) տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի նախկին խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Ռազմարվեստ. ցամաքային ճեղքում» գրքի շնորհանդեսը: Սա Հովհաննիսյանի գրքի երկրորդ հատորն է: Առաջին հատորը լույս էր տեսել դեռեւս 2016 թվականին, կոչվում է «Ռազմարվեստ. օդային գերակայություն»:

«Ռազմարվեստ. ցամաքային ճեղքում» գրքի արժեքը 50 հազար դրամ է:

Օրերս Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացնելով գիրքը, ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր, որ «Ռազմարվեստը» գրվել եւ տպարան է գնացել պատերազմից առաջ։ Այն շուրջ 10 տարվա աշխատանքի արդյունք է։

«Պատերազմից հետո ոչ մի տող չի փոխվել գրքում, այն, ինչ գրված է, գրված է երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Այստեղ կան ռազմագիտական հարցեր, որոնք հիմա առավել եւս ուշադրության են արժանի։ Գրքի մասին շատ ընկերներ գիտեին եւ սպասում էին մինչեւ պատերազմը։ Այո, ցավոք, մեզանում գիրքն ու գիտելիքը գնահատելը վաղուց այնքան կարեւոր չեն, սակայն այս գիրքը վստահաբար իր ճանապարհը կհարթի»,- մասնավորապես գրել է Հովհաննիսյանը:

Իսկ ավելի վաղ նա փաստել էր, որ «Ռազմարվեստը» ուշացած ծնվեց, սակայն հիմա էլ կարող է շատ օգտակար լինել, եթե…

Նշենք, որ «Ռազմարվեստ. օդային գերակայություն» հատորի ստեղծման համար Հովհաննիսյանին հարկավոր է եղել շուրջ 15 տարի:

Այն առկա է ինչպես Երեւանի, այնպես էլ Գլենդելի (ԱՄՆ) գրախանութներում: Գիրքը ձեռք բերել հնարավոր է նաեւ առցանց պատվերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ