![]()
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երեւանի տարածքային բաժնի պետ Տիգրան Խեդոյանին:
Տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է ապրիլի 27-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին:
Քաղաքապետը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Խուդոյանի՝ 22.02.2021թ. թիվ /Ք/14.4-30 որոշումը, որով նրա նկատմամբ տուգանք է կիրառվել: Բանն այն է, որ ըստ Տիգրան Խեդոյանի, Երեւանի քաղաքապետը Տիգրան Մեծ 47/1 հասցեում շինարարության թույլտվություն է տրամադրել նախագծման թույլտվության ժամկետը լրանալուց հետո, ինչի հիման վրա էլ նա որոշում է կայացրել քաղաքապետի նկատմամբ վարչական իրավախախտում արձանագրել:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Խեդոյանի որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.6-րդ հոդվածի համաձայն՝ Երեւան համայնքի ղեկավար Հայկ Մարությանը ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք՝ 100.000 դրամի չափով:
«Երեւանի քաղաքապետի կողմից ներկայացվել է նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջով հայց այն հիմքով, որ նշված որոշումն իրավաչափ չէ, քանի որ կայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների խախտմամբ»,- նշել են քաղաքապետարանից:
Քաղաքապետարանից հայտնել են, որ Խեդոյանի որոշման կայացման համար, որպես փաստական հիմք, հաշվի է առնվել Տիգրան Մեծի հ.47/1 հասցեում իրականացված ուսումնասիրության արդյունքները. «Որոնք, ըստ Տիգրան Խեդոյանի, հանգել են նրան, որ նախագծային փաստաթղթերը համաձայնեցվել են եւ շինարարության թույլտվությունը տրամադրվել է նախագծման թույլտվության գործունեության ժամկետը լրանալուց հետո, ինչը չի համապատասխանում իրականությանը»:
![]()