Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել

Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել:

Մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելով, որ փորձաքննությունը նշանակվել է: Քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվելու ընթացքում:

Այնուհետեւ Տիգրան Խաչատրյանի մասով գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն`քննչական ենթակայության հարցը որոշելու համար:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Տիգրան Խաչատրյանի դրվագով անջատված մասը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննությունն այնտեղ շարունակելու համար.

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գործի մասին մանրամասներ այս պահին չեն կարող փոխանցել:

Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թ. օգոստոսի 28-ից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու և կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար: Մասնավորապես՝ Տիգրան Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծնված՝ 23.06.1994 թվականին, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող «նևրասթենիա» և «նևրասթենիա, չափավոր արտահայտված» ախտորոշմամբ եզրակացություններ, որոնց հիման վրա՝ 2014 թվականին երկու անգամ ստացել է տարկետում՝ համապատասխանաբար 5 ամիս և 3 տարի ժամկետներով։ Այնուհետև նույն ճանապարհով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթուղթ՝ 08.07.2010թ. թվագրմամբ ԱԱ սերիայի 460497 համարի ատեստատ ձեռք բերելու վերաբերյալ, որն օգտագործելով՝ 2010 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։

Մարտի 17-ին Տիգրան Խաչատրյանը Դոհա-Երևան չվերթով Հայաստան էր ժամանել եւ տեղափոխվել ոստիկանություն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ