Ֆեյսբուքի մարգինալ խմբակը կրկին նզովում է հրապարակի միջոցառումն ու դրա մասնակիցներին

Երեկ Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ վառվեցին Ամանորի գլխավոր տոնածառի լույսերը։ Միջոցառումն ուղեկցվեց տոնական հրավառությամբ և համերգով։ Հնչեցին Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները՝ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

Մինչ հրապարակում հավաքված մեծերն ու փոքրերը հիանում էին միջոցառումով, Ֆեյսբուքում հայտնի, բայց արդեն մարգինալացված խմբակը թույնի հերթական չափաբաժինն էր թափում այդ մարդկանց հասցեին՝ իհարկե, գլխավոր թիրախ սահմանելով իշխանություններին։

Թեզերը կրկին նույնն են՝ «հայրենիք ենք կորցրել, իսկ դուք տոնում եք, փորձում են ժողովրդին շեղել, խրախճանք՝ ժանտախտի ժամանակ, թուրքը Ջերմուկում է, իսկ հրապարակում տոնում են Ամանորը, ո՞ւմ արյունն եք տոնում» և այլն։

Այս մարդկանց տրամաբանությամբ՝ 2020-ից ի վեր Հայաստանում որևէ տոն չպետք է տոնվի, պետք է բացառապես սգո և հիշատակի միջոցառումներ անցկացվեն։ 3 տարի շարունակ պետք է Ամանոր չնշեինք, Անկախության տոն չնշեինք, «Եվրատեսիլ»-ը պետք է Հայաստանում չանցկացնեինք և այլն։

Հարց է առաջանում՝ իսկ դրանով կօգնեի՞նք Արցախը հետ բերելուն, թուրքին Ջերմուկից քշելուն, զոհվածներին ու իրենց հարազատներին, երեխաներին…

Պարզ է, որ Ադրբեջանն ու Ալիևը շահագրգռված են, որ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որքան հնարավոր է երկար ընկճված վիճակում մնան՝ թևաթափ, սգվոր, պարտված։ Իսկ ո՞րն է այդ շրջանակի մոտիվացիան։
Ընդ որում, հարկ է ընդգծել, որ այդ շրջանակը առիթի դեպքում, իսկ հաճախ նաև առանց առիթի մասնակցում է թե՛ քեֆ-ուրախությունների, թե՛ հանգստի է մեկնում, թե՛ Կասկադում ժամանց է անցկացնում, և միևնույն ժամանակ հենց այդ ուրախության արանքում կարող են մտնել Ֆեյսբուք, իրենց բաժին սուգը սգան, դուրս գան ու շարունակեն «տժժալ»։ Այ իսկ երբ հերթը հասնում է «հասարակ մահկանացուներին» կամ պետական տոներին ու արարողություններին, պարզվում է՝ տոնել, ուրախանալ չի կարելի, դա այդ մարգինալ շրջանակի մենաշնորհն է։

Կհարցնեք՝ եթե մարգինալ են, ինչո՞ւ եք հերթական անգամ անդրադառնում նրանց։ Գուցե տեղին հարց է ու գուցե չարժե այլևս իրենց վրա ժամանակ ծախսել, բայց այդ խմբակին վերջնական պետք է «աղբանոցն» ուղարկել՝ մինչև վերջ ու վերջնական մարգինալացնել։ Նրանք կիրառում են մեկ անգամ հաջողություն բերած տակտիկա՝ մարդկանց ամոթանք տալով, հայհոյելով լռեցնել, մարգինալացնել։

2020 թվականի պատերազմից հետո 2021-ին կայացած ընտրություններին նախորդած ժամանակաշրջանում սկսեցին հայհոյել, անվանարկել «Նիկոլ ընտրողներին», որպեսզի ՔՊ ընտրել պատրաստվող մարդիկ խուսափեն դա անել։ Այդ նպատակին, սակայն, մասամբ հաջողվեց հասնել. այո՛, մարդիկ խուսափում էին բարձրաձայնել, որ պատրաստվում են ՔՊ ընտրել։ Եթե նախկինում ընդդիմությանը ձայն տվողներն էին խուսափում այդ մասին բարձրաձայնել՝ վախից և այլ դրդապատճառներից ելնելով, ապա 2021-ին արդեն իշխանությանը քվե տվողներն էին խուսափում։ Սակայն տեղամասերում, քվեախցիկներում չկար իրենց «ժեխ, զոմբի, բիոմասսա, անհայրենիք» անվանող ու հայհոյող տականքը։ Հիմա էլ փորձում են նույն տակտիկան կիրառել՝ մարդկանց վիրավորելով, անթասիբ ու անհայրենիք պիտակելով ստիպել չմասնակցել որևէ միջոցառման, մասնակից չդառնալ պետական ու համայնքային որևէ տոնակատարության։ Սա արվում է նրա համար, որ ցույց տրվի, թե իշխանությունն աջակցություն չունի ժողովրդի կողմից, բոյկոտում է իշխանության կազմակերպած ցանկացած միջոցառում։ Բայց այս տակտիկան եթե նախկինում գոնե մասամբ աշխատում էր, ապա հիմա բացարձակ չի աշխատում։ Այդ շրջանակը մարգինալացել է, ու քաղաքացիները, տեսնելով, թե ով է իրենց պիտակավորում, հակառակ ռեակցիա են տալիս։ Երբ քեզ Վազգեն Մանուկյանի նմանները ժեխ են անվանում, հասկանում ես, որ ամենայն հավանականությամբ ճիշտ ես, ու ոչ թե կխուսափես մասնակցել որևէ միջոցառման կամ ընտրել այս կամ այն ուժին, այլ հակառակը։

Մարգինալ այս խմբակին մնացել է մեկ բան՝ Ֆեյսբուքում հայհոյելով ինքնաբավարարվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ